Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ

06-12-2019 15:10:17   | Սլովակիա  |  Քաղաքական
 Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:  
 


Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:
 
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման և երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման
միջոցով:
 
Երկուստեք բարձր է գնահատվել մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում և ունեցած ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: 
 
Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարևորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշել են  միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
 
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները արժևորել են բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձել են  ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին և մտքեր են փոխանակել ապագայի տեսլականի շուրջ:
 
Մոլդովայի և Հայաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:  Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1323 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար