2020 թվականի բյուջեյով վարչապետի նոր ինքնաթիռի համար գումար նախատեսված չէ

07-12-2019 15:45:44   | Հայաստան  |  Ֆինանսներ
 

2020 թվականի պետական բյուջեյով կառավարական նոր ինքնաթիռ գնելու համար գումար նախատեսված չէ, բայց դա չի նշանակում, որ, եթե նոր ինքնաթիռ ձեռք բերելու անհրաժեշտություն առաջանա, պետությունն այդ
գումարը չի տրամադրի: 
 
Այս մասին դեկտեմբերի 7-ին տարին ամփոփող ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա` պետք է համեմատել հին և նոր ինքնաթիռների ֆինանսական ծախսերը և դրա դիմաց ստացվող արդյունքը: 
 
«Եթե նոր ինքնաթիռը տալիս է այնպիսի հնարավորություններ, որոնք երբևէ հինը չի կարող տալ, ապա պետք է անել տվյալ փոփոխությունը,որը
պետք է բխի տվյալ կարիքի բովանդակությունից»,- ընդգծեց Ա. Ջանջուղազյանը` նկատելով, որ, եթե նախկինում այդ կարիքն անհաղթահարելի է թվացել ՀՀ-ի համար, ապա հիմա այդպես չէ: 
 
Վերջինս անդրադարձավ նաև պետական պաշտոնյաների օտարերկրյա աշխատանքային գործուղումների արդյունավետությանը և փաստեց, որ դրական փոփոխություններն ակնհայտ են: 
 
Նախարարի խոսքերով` յուրաքանչյուր պաշտոնյայի գործուղումների արդյունավետությունը գնահատելը շատ հեշտ է հատկապես կառավարության դեպքում, քանի որ յուրաքանչյուր գործուղման համար տվյալ պաշտոնատար անձը ներկայացնում է հաշվետվություն, որն էլ սահմանված կարգով հրապարակվում է: 
 
«Յուրաքանչյուրի համար կարող ենք առանձին վերցնել այդ տեղեկատվությունը և անել դատողություններ. Հիմա այս ընթացում մի գործուղման էլ ես եմ եղել: Եկեք միասին դատենք` արդյունավետ էր, թե ոչ: Եղել եմ արտերկրում շուրջ 10 օր, արդյունքում  վերաֆինանսավորվել է 2020 թվականի մարման ենթակա պարտատոմսերի 75 տոկոսը, մնացածի համար էլ միջոցները գեներացվել են, բայց չէր բացառվում մի իրավիճակ, որ ես գնայի այդ գործուղմանը
 և շուկայի պայմանները նպաստավոր չլինեին ու մենք թողարկումներ չանեինք: Այս դեպքում ի՞նչ պետք է ասեին, որ անարդյունավե՞տ էր»,- շեշտեց Ա. Ջանջուղազյանը: 
 
Նա նաև տեղեկացրեց, որ իր գործուղման դեպքում պետբյուջեից դրամական միջոցներ օգտագործվել են միայն օրապահիկի համար, իսկ մնացած ծախսերն ամբողջությամբ հոգացել է հրավիրող կողմը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 5544 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար