Ստամբուլում Պոլսի 85-րդ Հայոց պատրիարքին են ընտրում. Հայտնի է, թե ով ավելի շատ շանսեր ունի

09-12-2019 16:13:17   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
Նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Վերջիններս դեկտեմբերի 11-ին հոգևորական պատվիրակների հետ միասին ընտրելու են Պոլսի 85-րդ Հայոց պատրիարքին։
Նշենք, որ հոգևորական պատվիրակները ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից։ Նրանց թիվը 17 է։
Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ։
Պատրիարքի թեկնածուները. ընտրության կանոնադրությունը
 


Պատրիարքի թեկնածուները 2-ն են՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։  Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը համակարգող Նախաձեռնող մարմինը այս տարվա հուլիս ամսին դիմել էր Ստամբուլի նահանգապետարան` ընտրության համար պատկան մարմիններից համապատասխան կանոնադրություն ստանալու նպատակով: 1961 թվականի սեպտեմբերի 18-ի նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ ամեն նոր պատրիարքի ընտրության ժամանակ պետությունը կանոնադրություն է սահմանում, որով էլ համակարգվում է ընտրական ողջ գործընթացը: 
 
Այդպես է եղել 1990 և 1998 թվականների պատրիարքական ընտրությունների ժամանակ:
 
Ս.թ. սեպտեմբեր ամսին Թուրքիայի ՆԳՆ-ը Պատրիարքարան էր ուղարկել 32 կետից բաղկացած 6-էջանոց կանոնադրությունը, որում տեղ էին գտել ընտրության ընթացակարգին առնչվող մի շարք մանրամասներ: Կանոնադրության 25-րդ կետի համաձայն, Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կարող էին առաջադրվել միայն պատրիարքարանին ենթակա սրբազանները՝ ներկայիս տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Պատրիարքական աթոռի մյուս հավակնորդները, այդպիսով, զրկվեցին ընտրություններում առաջադրվելու իրավունքից:
 
Կանոնադրության այս կետը պոլսահայ համայնքում դժգոհության ալիք է բարձրացրել: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը
ավանդաբար կարգավորվում էր 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթներով: Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով և իրականացվել է ընտրությունը: Չնայած պատրիարքի թեկնածուների՝ Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը սահմանադրության մեջ նշված է, այնուհանդերձ, ուշագրավ է, որ 1961, 1990 և 1998 թվականներին անցկացված պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության կողմից ուղարկված կանոնադրության մեջ նման սահմանափակում չի դրվել: 1961 թվականից ի վեր ընտրված երեք պատրիարքներից երկուսը արտասահմանից են եղել:
Ուշագրավ է, որ թեկնածուներից Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել էր, որ չի առաջադրվի պատրիարքական ընտրություններում:
 
«Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում», — հայտարարել էր Գարեգին Բեքչյանը՝ մյուս երկու թեկնածուների հորդորելով ևս չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:
Սակայն մյուս 2 թեկնածուները որոշեցին չբողոքել կանոնադրության դեմ և առաջադրվել։
 
Ընտրության նախնական արդյունքները
 
Ըստ հրապարակված նախնական տվյալների դեկտեմբերի 8-ին հաղթել են պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանին կողմնակիցները:  Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե:
Նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Ընտրություններում 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ բողոք արտահայտելով պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ:
 
Համայնքի մասնակցությունը ընտրություններին
 
Ըստ Նախաձեռնակ մարմնի կողմից ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է  13704  ընտրող:
Դժվար է ասել սա մասնակացության բարձր ցուցանիշ է թե ոչ, քանի որ ընտրության իրավունք ունեցողների
վերջնական թիվը հստակ չէ: Համայնքի անդամները նշում են, որ ընտրության իրավունք ունեն մոտավոր 35000-40000 հոգի: Որպես մասնակցության գնահատման ելակետ ընդունվում է 1998թ ընտրության ցուցանիշը: Այդ ընտրությանը մասնակցել 15807 հոգի և այս ցուցանիշին մոտ թիվը համարվում է գոհացուցիչ:
 
 
Ի՞նչ սպասել դեկտեմբերի 11-ին
 
Այն փաստը, որ աշխարհիկ պատվիրակերի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել են Սահակ Մաշալյանի աջակիցները, խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 11-ին պետք  չէ սպասել անակնկալների։ Ամենայն հավանականությամբ Պոլսի 85-րդ պատրիարքը կլինի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Վերջինս արդեն կարելի է ասել նշում է իր հաղթանակը։ Նա արդեն հանդիպում է ունեցել համայնքի հետ, շնոհակալություն հայտնել։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 531 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար