«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին

09-12-2019 18:29:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր սկսվեց առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի վերաբերյալ գործով դատական նիստը։
 


Նիստից առաջ Ռազմիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարող է ասել երեխաների ապօրինի որդեգրման դեպքի մասին, ասաց. «Ծննդատները ոչ մի առնչություն չունեն, ոչ մի առնչություն»։ «Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ շոշափվում էր նաեւ «Հանրապետական» ծննդատան անունը, Աբրահամյանն ասաց. «Դա կատարում են Արդարադատության նախարարությունը, Սոցապ նախարարությունը, իրավապահ մարմինները, մանկատները»։ Լրագրողի այն նկատառմանը, թե որդեգրված երեխա կար նաեւ «Հանրապետական» ծննդատնից, Աբրահամյանը դարձյալ պնդեց. «Ծննդատունը ոչ մի առնչություն չունի»։
 
Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացի
ներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, ՀՀ մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, կազմակերպել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները՝ խնամքն ստանձնած Իտալիայի Հանրապետության քաղաքացիների կողմից: Դրա համար մանկաբարձական հաստատության կարգադրիչ և այլ կառավարչական գործառույթներով օժտված մի շարք ծառայողներ, ըստ նախնական համաձայնության, ուղղակի դիտավորությամբ՝ շահադիտական դրդումներով, 2016-2018 թթ. ընթացքում սոցիալական կամ անձնական խնդիրների պատճառով հղիության ընդհատման համար ընկերության ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են որդեգրման նպատակով հրաժարվել երեխայից ու կամքին հակառակ տալ որդեգրման համաձայնություն, ընդ որում, որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց՝ որպես կաշառք, գումար ստանալուց։
 
 
Ռազմիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ մեղադրանքի վերաբերյալ Աբրահամյանի դիրքորոշումը կհնչի դատարանում. «Դատական քննությունը նոր է սկսվում, այն լինելու է հրապարակային, եւ ձեր առաջադրած հարցադրումները հնչելու են դատարանում, նրա դիրքորոշումն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ կլսեք դատարանում»:
 
Մեր այն հարցին՝ նրա մասնակցությամբ առերեսում կատարվե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ
եղել է. լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն է կատարվել»:
 
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող ի պաշտոնե Մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի՝ նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
 
Միլենա Խաչիկյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 863 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար