ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ. ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն

10-12-2019 17:41:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հայտարարությունը.
 


ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գ.Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի 25-ից ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ռեկտորի ԺՊ-ի ծանուցումը, ինչը դատարանի կողմից արդարացիորեն կասեցվեց: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական երաշխիքներ ապահովող կառույցի և կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:
 
 
Ռեկտորի ԺՊ-ն, տեսնելով, որ կոլեկտիվ պայմանագրի խզումը կասեցվել է դատարանի կողմից, որոշել է արհմիության գործունեությանը խոչընդոտող նոր
անընդունելի քայլերի դիմել: Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից: Այս մոտեցումը ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ  ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների  հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:
 
Առաջիկայում ֆակուլտետների, ամբիոնների և վարչական  ստորաբաժանումների «օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ և ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
 
Ակնհայտ է, որ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների այս գործողություները ունի մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չէ, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը, այն չստանալու դեպքում անհնար կդառանա աշխատողին աշխատանքից ազատելը:
 
Հարգելի գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել
միասնականություն, տեղի չտալ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով Ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 483 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար