Դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների հաջողություններն ու խնդիրները

13-12-2019 15:55:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Դեկտեմբերի 8-ին Հայաստանի 16 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք, ըստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի, անցել են մրցակցային մթնոլորտում և արտահայտել ընտրողների կամքը (այն համայնքներում, որտեղ գրանցված են եղել մեկից ավելի թեկնածուներ)։
ՀՀ 12 համայնքում ղեկավարի ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրվել է 36 թեկնածու, 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններին՝ 40 թեկնածու։ Մինչ քվեարկության օրն ինքնաբացարկ է հայտնել ավագանու անդամի 1 թեկնածու և համայնքի ղեկավարի 8 թեկնածու: Զովաբեր համայնքի գործող ղեկավարը hետ էր վերցրել փաստաթղթերը՝ մինչև գրանցման ավարտը։ Արդյունքում Զարինջա, Թլիկ, Հակո, Ալաշկերտ, Նորապատ և Անտառամուտ համայնքներում բնակիչները քվեարկել են 1 թեկնածուի՝ կողմ կամ դեմ։
 
Հարկ է նշել, որ համայնքի ղեկավարի համար առաջադրված բոլոր թեկնածուները տղամարդիկ են եղել։
Ինչպես նշվում է «Անկախ դիտորդի» զեկույցում, թեկնածուների բացարձակ մեծամասնությունը նշել է, որ քարոզարշավի ընթացքում չեն եղել ապատեղեկատվության, զրպարտանքի, սպառնալիքի,
ատելության խոսքի, ընտրակաշառքի կամ պարտքերի ներման դեպքեր։ Բացառություն են կազմել 4 թեկնածուներ, որոնցից մեկը բարձրաձայնում էր ատելության խոսքի դրսևորումների մասին. դրանք անձամբ իրեն չէին ուղղված, մեկ այլ թեկնածուի հանդեպ խտրական վերաբերմունք են դրսևորել մյուս թեկնածուները՝ երիտասարդ տարիքի պատճառով։ Համայնքներից մեկում թեկնածուները մեղադրել են միմյանց. մի կողմից՝ գյուղի խանութում ընտրողների պարտքերը ներելու ձևով անուղղակի ընտրակաշառք տրամադրելու և մյուս կողմից՝ զրպարտության մեջ։
 
Դիտորդները, սակայն, նշում են, որ չի հաջողվել հաստատել պարտքերի ներման մասին տեղեկությունը, իսկ կարճաժամկետ դիտորդների գնահատմամբ՝ քվեարկությունն անցել է առողջ մրցակցային մթնոլորտում։
 
Ինչ վերաբերում է տեղեկան ինքնակառավարման մակարդակում ընտրությունների խնդիրներին, ապա նախկինում արձանագրված խնդիրները շարունակում են արդիական մնալ նաև այժմ։
 
Նախ և առաջ, խնդիրը վերաբերում է փոքր, ունեզուրկ համայնքների ղեկավարի պաշտոնի՝ ոչ գրավիչ լինելուն, ինչի պատճառով շատերը նախընտրում են չներգրավվել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները իմաստազրկելով և դարձնելով ոչ մրցակցային։ Այս ընտրություններում 1 թեկնածուով համայնքները 6-ն են եղել։ Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է նշել, որ նախորդ ընտրություններին 1 թեկնածու ունեցած բոլոր 3 համայնքներում այս ընտրություններին նկատելի էր մրցակցություն, ավելին՝ Տափերական համայնքում նախորդ ընտրություններին մասնակցող 1 թեկնածուի փոխարեն այս անգամ առաջադրվել էին 8 թեկնածուներ։
 
Դիտորդների մատնանշած մյուս խնդիրը ազգակցական կապերի վրա հիմնվող քարոզչությունն է և փոքր համայնքներում արդյունքների կանխորոշված լինելը։ Ինչպես նշվում է զեկույցում, համայնքի ղեկավարի թեկնածուներից միայն մեկն էր նախատեսել վարձատրություն՝ քարոզչության ընթացքում իրեն աջակցող/քարոզչություն իրականացնող անձի համար։ Մնացածը պնդել են, որ աջակցություն են ստանում առանց վարձատրելու։
 
Մյուս խնդիրը, որին անդրադառնում են դիտորդները, ոչ ֆորմալ տնտեսական լծակների շնորհիվ ընտրողների քվեների ապահովման վտանգն է և քողարկված ընտրակաշառքը, որը դուրս է մնում կարգավորումներից։ Սա, թերևս, ևս մեկ ահազանգ է այն մասին, որ Հայաստանում ընտրական համակարգը և ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես դեռ բարեփոխումների կարիք ունեն։
 
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։
 
վարձատրելու։   Մյուս
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 623 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար