Կարեն Կարապետյանի նոր պաշտոնը Ռուսաստանում. ուշագրավ զուգահեռներ

13-12-2019 16:55:51   | Հայաստան  |  Վերլուծություն
ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ձեւավորել է իրեն կից փորձագիտական խորհրդի նախագահություն, որը գլխավորելու է Ռուսաստանում ժամանակին գորշ կարդինալներից մեկը համարվող Վոլոշինը,: Նախագահության կազմում են ՌԴ նախկին երեք վարչապետներ՝ Ստեպաշին, Ֆրադկով եւ Զուբկով: Եվ ամենահետաքրքիրը՝ նախագահության կազմում է նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
 


Կարեն Կարապետյանի առնչությամբ ամիսներ առաջ տեղեկություն տարածվեց, որ նա կարգավիճակ է ձեռք բերել ռուսական նավթագազային խոշոր ընկերություններից մեկում: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը վերադարձել էր ոլորտ, որտեղից նա տեղափոխվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնին:
 
Հայաստանում փոփոխություններից հետո մամուլում պարբերաբար գրվում էր, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումներ է ունենում եւ ձեւավորելու է նոր ուժ: Կարեն Կարապետյանի ռուսական կարիերան, ու առավել եւս ներկայում ՌԴ վարչապետին կից խորհրդում բարձր կարգավիճակը հուշում են, որ Հայաստանի նախկին վարչապետը եթե քաղաքականությամբ զբաղվելու է, ապա ոչ Հայաստանում:
 
Ի դեպ, նրա այդ
կարգավիճակի հարցում Հայաստանում վարչապետի պաշտոնում աշխատանքը թերեւս ունեցել է էական նշանակություն, առավել եւս, որ այդ հանգամանքի վկայություն է ՌԴ նախկին վարչապետների հետ մեկտեղ խորհրդի կազմում լինելու պարագան:
 
Ըստ ամենայնի, Ռուսաստանի կառավարության ղեկավարի շրջանակում էական նշանակություն է ստացել Կարեն Կարապետյանի «անցումային» փորձը, որ նա ձեռք է բերել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խոշոր տրանսֆորմացիայի ժամանակ:
 
Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարությունը կանգնած է իշխանության անցման խնդրի առաջ, որը պայմանավորված է ներքին ու արտաքին մի շարք բարդ հանգամանքների եւ մարտահրավերների հանրագումարով: Միաժամանակ, դա ռուսական էլիտայում խթանել է դիրքային թեժ պայքար, առավել եւս, որ մեկ այլ հայի՝ Մարգարիտա Սիմոնյանի միջոցով ազդարարվել է, որ Պուտինը կարող է այլեւս չլինել ՌԴ նախագահ: Իսկ ի՞նչ կարող է լինել: Այդ հարցը ռուսական էլիտայում թերեւս հուզում է բոլորին: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո իրադարձությունները դիտարկման էական գործոն են դարձել բոլոր շրջանակներում, որոնց հուզում է Ռուսաստանում
իշխանության եւ քաղաքական իրավիճակի անխուսափելի տրանսֆորմացիայի հարցը:
 
Այդ իմաստով, Կարեն Կարապետյանը դառնում է չափազանց արժեքավոր փորձագետ՝ հայաստանյան իր փորձով: Միայն թե պարզ չէ՝ Կարեն Կարապետյանն իր լուման կունենա Ռուսաստանում հեղափոխությա՞ն, թե այդօրինակ ռիսկերի չեզոքացման գործում: Այն, որ նա փաստացի դեր է ստանձնել ռուսական իշխանության տրանսֆորմացիայի գործընթացում, անկասկած է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար