Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հրէական կոմիտէի միջկրօնական գործերի բաժնի տնօրէնին

10-07-2018 14:26:03   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ հրէական կոմիտէի միջկրօնական գործերի բաժնի տնօրէն, Իսրայէլի գլխաւոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմոյ Ռոզենին՝ ուղեկցութեամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի եւ ԱՄՆ հայկական միութեան նախագահ Էնթօնի Պարսամեանի: 
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիւրին, կարեւորեց վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների յարաբերութիւնների առաւել սերտացմանն եւ փոխգործակցութեան զարգացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Իսրայէլի գլխաւոր ռաբբինաթի հետ եղբայրական յարաբերութիւնները ունեն հարուստ պատմութիւն եւ սոյն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարաւորութիւններն ուսումնասիրելու համար։ 
Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց հայ եւ հրէայ ժողովուրդների կապերին, որ գալիս են դեռեւս աստուածաշնչեան ժամանակներից, խօսեց նաեւ դեռեւս 7-րդ դարում հաստատուած Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան կարեւոր առաքելութեան մասին: 
Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ շեշտեց, որ սփիւռքեան թեմեր իր հովուապետական այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ եւ հրէայ համայնքների եղբայրական ջերմ յարաբերութիւններին: Ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զօրացման գործում կարեւոր համարեց նաեւ Հայաստանի հրէական համայնքի դերակատարութիւնը: 
Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հաւաստմամբ, բաւականին հարուստ է եւ ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայէլի պետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարեւորութիւն է տալիս։ 
Իր հերթին ռաբբի Դեյվիդ Շլոմոյ Ռոզենը նշեց, որ երկու երկրների հոգեւոր առաջնորդների գործակցութիւնը կարող է լաւագոյն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծման գործում: 
Վեհափառ Հայրապետը եւ ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկայ բոլոր հարցերը աւելի հեշտ կը լինի քննարկել` յարաբերութիւնների զարգացման, միջկրօնական երկխօսութեան համար նոր ձեւաչափեր ստեղծելու պարագայում։
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 313 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին