Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահին

26-03-2019 09:50:28   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ տիար Պերճ Սեդրակեանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգէն Յակուբեանի ուղեկցութեամբ:
 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ միջեւ ձեւաւորուած բազմամեայ համագործակցութեանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, կրթական եւ սոցիալական զանազան ծրագրեր: Մասնաւորապէս կարեւորուեցին ՀԲԸՄ-ի աջակցութեամբ  տարիներ շարունակ համատեղ իրականացուող Հայորդեաց տների ու բարեգործական ճաշարանների գործունէութիւնն ու դրանց ընդլայնման հնարաւորութիւնները: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց ՀԲԸՄ շարունակական զօրակցութիւնը Հայոց Եկեղեցուն` հայ ժողովրդի հոգեւոր կեանքի զօրացմանը եւ Հայոց Եկեղեցու պատմական առաքելութեանն ի նպաստ իրականացուող նախաձեռնութիւններում:
 
Գարեգին Բ Հայրապետը եւ տիար Պերճ Սեդրակեանը
խօսեցին նաեւ Հայոց Եկեղեցու եւ Միութեան կողմից Սփիւռքի համայնքներում իրականացուող ազգօգուտ ծրագրերի մասին, որոնք միտուած են Սփիւռքում համայնքային կեանքի աշխուժացմանը եւ ազգային ինքնութեան պահպանութեանն ու զարգացմանը: Ազգանպաստ այս առաքելութեան արդիւնաւէտ իրագործման մէջ ընդգծուեց պատասխանատու ազգային, հոգեւոր հաստատութիւնների ջանքերի մէկտեղման ու նոր ձեւաւորուող համայնքների ազգային-հոգեւոր կարիքների բաւարարման անհրաժեշտութիւնը արդի պայմաններում: Այս առնչութեամբ տիար Սեդրակեանն իր գոհունակութիւնը յայտնեց, որ Մայր Աթոռի բազմաթիւ երիտասարդ ու պատրաստուած հոգեւորականներ այսօր իրենց արդիւնաւէտ ծառայութեամբ մեծապէս նպաստում են սփիւռքի թեմերի ազգային-եկեղեցական կեանքի աշխուժացմանը, մանաւանդ երիտասարդութեան շրջանում: 
 
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Պերճ Սեդրակեանին տեղեկացրեց մարտի 12-ից 14-ը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի արդիւնքների մասին: Մասնաւոր անդրադարձ կատարուեց 2020 թուականի նոյեմբերին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը եւ ժողովի կարեւոր առաքելութեանը Հայոց Եկեղեցու յետագայ գործունէութեան ուղենշման գործում: Տիար Պերճ Սեդրակեանը վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն սփիւռքատարած իր աշխարհական պատուիրակների միջոցով ամենայն աջակցութիւն է ցուցաբերելու Եկեղեցու կազմակերպական հզօրացմանն ու ազգային-կրօնական ու սոցիալական առաքելութեանը նպաստող կարեւոր նշանակութիւն ունեցող ժողովի յաջողութեանը: 
 
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետից հետաքրքուեց Մայր Տաճարի ամրակայման եւ վերանորոգութեան ընթացքի մասին: Նորին Սրբութիւնը ընդհանուր գծերով ներկայացրեց կատարուած աշխատանքները` տեղեկացնելով, որ  տաճարի ներքին վերականգնման աշխատանքները, եկեղեցասէր բարերարների աջակցութեամբ, ծրագրւում է աւարտել 2020 թուականին:  
 
Խօսելով հայրենիքի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին
մարտահրաւէրների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը դրանց յաղթահարման գործում կարեւորեցին սփիւռքի հաւատաւոր մեր ժողովրդի մասնակցութիւնը: Այս իմաստով շեշտուեց Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման եւ համահայկական ներուժի` հայրենիքի ապահովութեանն ու բարօրութեանը ծառայեցնելու կարեւորութիւնը: 
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակեանը վերահաստատեցին իրենց յանձառութիւնը Հայոց Եկեղեցու եւ ՀԲԸՄ համատեղ ծրագրերով եւ գործակցութեամբ շարունակել ջանքեր ներդնել յանուն Հայաստանում եւ սփիւռքում ազգային միասնութեան ամրապնդման, հայապահպանութեան եւ ազգային-հոգեւոր արժեհամակարգի ու աւանդոյթների անաղարտ պահպանման:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին