Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպում ունեցաւ Գերմանիայի Հայոց թեմի ուխտաւորների հետ

13-05-2019 11:05:00   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցաւ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտաւորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման առիթով:
 
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, շնորհակալութիւն յայտնելով Հայոց Հովուապետին իր հայրական հոգեւոր խնամքի եւ ուշադրութեան համար, Նորին Սրբութեանը ներկայացրեց Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտաւոր հայորդիներին` հայցելով Հայոց Հօր օրհնութիւնը:
 
Իր հայրական օրհնութիւնը բաշխելով ուխտաւորներին` Վեհափառ Հայրապետն ուրախութիւն յայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրութեան եւ օծման արարողութիւններին նրանց ներկայութեան կապակցութեամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիւ հայորդեաց զօրաւոր հաւատքի աւելի են զօրանում եւ ամրապնդւում: 
 
Գոհունակութեամբ նշելով, որ թեմն ի դէմս նորաօծ Սերովբէ Սրբազանի ունեցաւ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց հայորդիներին զօրավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նուիրումով եւ սիրով աջակցել նրան իր առաքելութեան բարեյաջող իրականացման համար ի խնդիր համայնքի եւ թեմի բարեզարդման ու բարգաւաճման:
 
Վերջում Նորին Սրբութիւնն ուխտաւորներին մաղթեց մշտապէս զօրանալ իրենց սրբազան հաւատքի մէջ եւ Սուրբ Էջմիածնի մշտամնայ օրհնութեամբ արդիւնաւորել իրենց կեանքը:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 120 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին