Տօնախմբուել է Ս. Հռիփսիմեանց կոյսերի յիշատակը

17-06-2019 16:25:39   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յունիսի 17-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնախմբեց Ս. Հռիփսիմեանց կոյսերի յիշատակը: Տօնական այդ օրը նաեւ Ս. Հռիփսիմէ վանքի ուխտի օրն է, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Հռիփսիմէ վանք է տարւում սրբուհու մասունքն ամփոփող Աջը: 
 
Առաւօտեան տեղի ունեցաւ աւանդական դարձած հանդիսաւոր թափօրը. Միածնաէջ Մայր Տաճարի առջեւից եկեղեցականներն ուխտաւորների ուղեկցութեամբ, Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայեան» Հայորդեաց տան սաների թմբուկների զարկերի ներքոյ, շարժուեցին դէպի Սուրբ Հռիփսիմէ վանք` տանելով սուրբ Հռիփսիմէի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կամարի առջեւ Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնելով հոգեւոր դասին եւ ներկայ բարեպաշտ ժողովրդին, այն փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանին:   
 
Ս. Հռիփսիմէ վանքի առջեւ թափօրը դիմաւորեցին վանքի հոգեւոր սպասաւորները եւ տարբեր համայնքներից ժամանած բազում հաւատացեալներ`
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի գլխաւորութեամբ:   
Տօնի առիթով վանքում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Յունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորէն վարդապետ Առաքելեանը: 
 
Սուրբ Պատարագի ընթացքում օրուայ խորհրդի շուրջ քարոզեց Արցախի թեմի Ամարասի վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Գեղարդ աբեղայ Յովհաննիսեանը:
 
Հայր Սուրբն ընդգծեց, որ Սուրբ Հռիփսիմեանց տօնը եւ նրանց վկայաբանութիւնը գալիս է մէկ անգամ եւս քրիստոնեաներին թելադրելու ապրել Քրիստոսով, Նրա սիրոյ համաձայն եւ լինել կատարեալ:
 
«Սակայն ի՞նչ կայ մեր ներսում, ի՞նչ կայ Սուրբ Սեղանի վրայ: Արդեօ՞ք նոյնն է: Արդեօ՞ք ցանկութիւնը նմանուելու Սուրբ Հռիփսիմեանց կոյսերին, արդեօ՞ք ցանկութիւնը կատարեալ դառնալ, ինչ-որ Սուրբ Սեղանինն է կատարեալ, նոյնն է: Սիրելիներ, մեր կեանքից ներս կատարելութեան միջոցները բազում են՝ մէկը կ'ասի` աղօթք, մէկը կ'ասի` ապաշխարութիւն, միւսը կ'ասի` սէր, միւսը՝ եղբայրասիրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն եւ տարբեր-տարբեր բաներ: Այդ ամէնը միջոցներ են: Կատարելութիւնն Աստծուն նմանուելն ու պատկերն ունենալն է: 
 
Ինչպէ՞ս դա կարող է լինել, եթէ սէր չունենանք մեր մէջ: Ինչպէ՞ս դա կարող է լինել, եթէ մենք կանգնում ենք Սուրբ Պատարագին, կուրծք ենք ծեծում եւ ասում՝ Տէ՛ր, ների՛ր ինձ մեղաւորիս, արժանացրու՛ Սուրբ Հաղորդութեանը, բայց չենք աղօթում կողքինի համար, չենք աղօթում մէկս միւսի համար: 
 
Սուրբ Հռիփսիմեանց վկայաբանութիւնը դա է: Այսօրուայ խորհուրդը դա է: Նրանք չառանձնացան, միասնաբար նահատակութեան պսակն առան առանց դրժելու իրենց ուխտը Քրիստոսի հետ, առանց դրժելու իրենց առաքելութիւնն
այս աշխարհի վրայ, որ  կոչւում է քրիստոնեայի կեանք»,- ասաց Հայր Գեղարդը:
 
Նա նաեւ յաւելեց, որ սրբերի վկայաբանութիւնից հաւատացեալները սովորում են նաեւ Քրիստոսի՝ սիրի՛ր քո Տէր Աստծուն եւ սիրի՛ր քո ընկերոջը, երկու կարեւորագոյն պատգամները, որոնց շնորհիւ քրիստոնեան կարող է հասնել կատարելութեան:
Վերջում Հայր Սուրբը յորդորեց ներկաներին աղօթել Հայոց Եկեղեցու ամրութեան ու անսասանութեան եւ հայ ժողովրդի հոգեւոր զարթօնքի համար:
 
Ս. Պատարագի աւարտին, հանդիսապետութեամբ Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի, կատարուեց սրբուհու մասունքակիր Աջով հաւատացեալների օրհնութիւն եւ Անդաստանի կարգ:  
###
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 200 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին