Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

21-06-2019 17:46:56   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Յունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով: 
 
Ժողովը բացուեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյնի եւ օրհնութեան խօսքով:
Ժողովի նիստերն որպէս ատենապետ վարեցին Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը:
 
Երկօրեայ ժողովի նիստերին քննութեան առնուեցին առաջիկայ Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփիւռքում ազգային-եկեղեցական կեանքին առնչուող մի շարք հարցեր: 
 
Մասնաւորապէս անդրադառնալով 2020 թուականին գումարուելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսեցին ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծուած եօթ յանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերեալ զեկոյցները:
Զեկոյցները ներկայացրեցին Թեմական եւ ծխական կեանքի կազմակերպման յանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական
առաքելութեան յանձնախմբի ատենապետ  Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը, Սոցիալական ծառայութեան յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման եւ ազգային ինքնութեան պահպանութեան գործում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելութեան յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ.  Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, Քրիստոնէական արժեհամակարգին նետուած մարտահրաւէրների յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, Հոգեւորականաց պատրաստութեան յանձնախմբի քարտուղար Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսատնտեսական վիճակի բարելաւման յանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ.  Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:
 
Քննարկելով ներկայացուած զեկոյցները եւ կատարելով անհրաժեշտ թելադրութիւնները` Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ բարձրօրէն գնահատեցին յանձնախմբերի կողմից կատարուած աշխատանքը: Հայրենիքի եւ սփիւռքի հոգեւորական եւ աշխարհական ներկայացուցիչներից կազմուած յանձնախմբերը կը շարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը եւ դրանց շրջանակներում քննուելիք փաստաթղթերը:
 
Ժողովականները լսեցին Մայր Տաճարի վերանորոգութեան ընթացքի մասին զեկոյցը, որը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Տեղեկացուեց նաեւ Մայր Տաճարի ամրակայման եւ հիմնանորոգութեան աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կ'աթողիկէի առաջիկայ տօնին մեկնարկող համազգային հանգանակութեան ծրագրի մասին, որը համակարգուելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ստեղծուած աշխատանքային խմբի կողմից՝ գլխաւորութեամբ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի: Ծանուցուեց հաստատուած հոգաբարձուների պատուոյ յանձնախմբի եւ գործադիր մարմնի մասին:
 
ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկուած քայլերը`
կարեւորելով իւրաքանչիւր հայորդու մասնակցութիւնն ու ներդրումը համայն հայութեան Սրբութիւն Սրբոցի վերանորոգութեան ու բարեզարդ պահպանման գործում:
 
Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը տեղեկութիւններ փոխանցեց Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու յարաբերութիւնների հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման եւ նախաձեռնուած համատեղ քննարկումների մասին` իրազեկելով, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` գործակցային ոգով լուծումներ ապահովելու Եկեղեցու կեանքում առկայ զանազան խնդիրներին: 
 
Ժողովին անդրադարձ կատարուեց նաեւ Եկեղեցու կանոնական ու կանոնադրական մի շարք հարցերին:
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 90 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին