Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

27-06-2019 16:22:49   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Յունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Հնդկաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սանգուան Եօգեշուարին, ով աւարտում է իր պաշտօնավարումը մեր երկրում: 
Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց դեսպանի ներդրումը հայ-հնդկական կապերի ամրապնդման
գործում: Հայոց Հայրապետը նշեց, որ Հայաստանը եւ Հնդկաստանը ունեն բազմադարեայ բարեկամական յարաբերութիւններ, իսկ Հնդկաստանում հայ համայնքի պատմութիւնը հարուստ է բազում գեղեցիկ իրագործումներով ու վկայութիւններով:
 
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գոհունակութիւնը յայտնեց Մայր Աթոռի նկատմամբ դեսպանատան կողմից դրսեւորուող ուշադրութեան, ինչպէս նաեւ Կալկաթայում գործող Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու աշխատակազմից ցուցաբերուող զօրակցութեան համար:
 
Շնորհակալութիւն յայտնելով գնահատանքի խօսքերի համար` պրն. Սանգուան Եօգեշուարը նկատեց, որ Հայաստան-Հնդկաստան յարաբերութիւնները ներկայումս բարձր մակարդակի վրայ են գտնւում եւ յետագայ զարգացման մեծ ներուժ ունեն: Դեսպանը Նորին Սրբութեանը ներկայացրեց Հայաստանում եռամեայ ծառայութեան իր տպաւորութիւնները:
 
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեսպանին մաղթեց յաջողութիւններ իր յետագայ գործունէութեան մէջ:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 165 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին