Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է Հնդկաստան բուժման մեկնող զինուորականներին

22-07-2019 18:03:21   |   |  Հասարակութիւն
 

 
Յուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.
Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատուածներում հայրենիքի պաշտպանութեան համար ռազմական գործողութիւնների հետեւանքով հաշմանդամութիւն ստացած վեց զինուորականների, ովքեր առաջիկային կը մեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ եկեղեցու վարչութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջոյթների պրոթեզաւորումը:
Հանդիպման սկզբում ՀՀ Զինուած Ուժերի հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը հայցեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնը բուժման մեկնող հայորդիների հերթական խմբի համար` կարեւոր նկատելով այն զօրակցութիւնը, որ Մայր Աթոռը տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերում է Հայոց բանակին եւ հայ զինուորին:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնութիւնը բերելով զինուորականներին՝ նշեց, որ իւրաքանչիւր հայի համար հպարտութիւն է տեսնել ազգի զաւակների` հայրենիքը սեփական կեանքի գնով պաշտպանելու պատրաստակամութիւնը: Նորին Սրբութիւնը հաստատեց, որ Հայոց Եկեղեցու զօրակցութիւնը արժանի գնահատանքն է հայոց հողի պաշտպանութեան նուիրական գործին իրենց կեանքն ընծայած հայորդիներին:
Վեհափառ Հայրապետը նաեւ նշեց, որ Մայր Աթոռի եւ Հնդկաստանի հայ համայնքի կողմից իրականացուող`  վիրաւորուած զինուորների պրոթեզաւորման այս ծրագիրը շարունակական է լինելու:
Իրենց հերթին զինուորականները երախտագիտութիւն յայտնեցին Հայոց Հայրապետին հոգածու վերաբերմունքի համար, պատասխանեցին նաեւ իրենց կեանքի եւ ծառայութեան վերաբերեալ Նորին Սրբութեան հարցերին: 
Հանդիպման աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց զինուորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տէրը պարգեւի նրանց ուժ եւ եռանդ հայրենանուէր ծառայութիւնը խաղաղութեան մէջ շարունակելու համար:

 
  -   Հասարակութիւն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին