«Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողով՝ Լոռիում


«Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողով՝ Լոռիում

  • 23-01-2020 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
 
Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում»   խորագրով համաժողովը:
 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվելիք այս համաժողովի նպատակն է ներկայացնել մինչև այս պահը կազմակերպությունների, անհատների և երիտասարդների կողմից Ալավերդու տարածաշրջանի զարգացման, այլընտրանքային աշխատատեղերի և զբաղվածության խթանման նպատակով մշակված գաղափարները, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության լավագույն փորձագետների մասնակցությամբ գեներացնել նոր գաղափարներ և ներկայացնել հանրությանն ու դոնորական համայնքին։
 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ  Դուլգարյանը նշում է. «ՀՀ Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանը ունի լավագույն պայմաններն՝ այլընտրանքային նորարար ուղղությունների զարգացման և էկո-սոցիալական գաղափարական հենքի վրա համայնքների համաչափ զարգացումը խթանելու և սոցիալական խնդիրները լուծելու համար։  Տարածաշրջանը և մարդիկ ունեն պոտենցիալ՝ տարածաշրջանում զարգացնելու սոցիալական և անհատական ձեռնարկատիրությունն  էկոտուրիզմի, ագրոտուրիզմի, գաստրոտուրիզմի, հյուրընկալման, հատապտուղների վերամշակման, գոյւղամթերքների մշակման և այլ ոլորտներում։ Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը կարող է դառնալ սոցիալական ազդեցության և համայնքային զարգացման կարևորագույն գործիքը, որն արդեն  ապացուցել է իր արդյունավետությունը Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքներում։ Տարածաշրջանի այլընտրանքային զարգացման տեղական մոդելները կհանգեցնեն տարածաշրջանի բնակիչների և համայնքների  տնտեսական անկախությանը»։
Երկօրյա համաժողովին կմասնակցեն  սոցիալական ձեռնարկատիրության և բիզնեսի ոլորտի փորձագետներ, Լոռու մարզային իշխանությունների,  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,  ՀՀ-ում գործող միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալավերդի, Ախթալա, Ճոճկան, Շնող, Թեղուտ, բնակավայրերի բնակիչներ:
 
Համաժողովին կարելի է հետևել «Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/armccms.org/։
 
 
 
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
«Համայնքային Համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն