Տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի տեսահոլովակի բացառիկ պրեմիերան
08-12-2024 13:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Երբ շարժումը հանդիպում է հնչյունին, ծնվում է արվեստը…
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի տեսահոլովակի բացառիկ պրեմիերան:
Աննա Քալաշյան՝ մենապարուհի
Հայկ Մելիքյան դաշնամուր
Միասին նրանք կպատմեն մի պատմություն, որտեղ յուրաքանչյուր շարժում հնչյուն է, և յուրաքանչյուր հնչյուն՝ շունչ:
Տեսահոլովակի մասին համառոտ ինֆորմացիա. պարարվեստի լուսավոր կողմերը բացահակտող խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանը, ով իր հոգու խորքում վաղուց խմորել էր Արամ Խաչատրյանի «Տոկատ»-ի բեմադրությունը, փնտրում էր արվեստի գաղափարակից՝ այն իրականացնելու: Նրա որոնումները առաջնորդեցին դեպի դաշնակահար Հայկ Մելիքյան՝ մի արվեստագետի, որի մատների ներքո երաժշտությունը վերածվում է մոգական հնչյունների։ Մելիքյանի վիրտուոզ կատարումը, ինչպես արվեստի փայլող մունետիկ, դարձավ Քալաշյանի ստեղծագործական տեսլականի հիմքը։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որտեղ ժամանակը կանգ է առնում, և իրականությունն ու երազանքը միահյուսվում են, այս երկու արվեստագետների համագործակցությունը ծնեց մի ստեղծագործություն, որի առանցնքերից մեկը դարձավ անզուգական պարուհի Աննա Քալաշյանը՝ նման մոլորակի վրա ընկած երկնաքարի՝ իր անսպասելիությամբ և գեղեցկությամբ։ Եվ ահա նրանց համատեղ աշխատանքը՝ միավորելով երաժշտության և պարի տարրերը՝ ստեղծեցին մի ամբողջականություն, որտեղ 2 արվեստագետներ՝ դաշնակահար և պարուհի , ներկայանում են արվեստի իրենց ոլորտի պատասխանատվությամբ, իրենց կոնկրետ արվեստի տոկատ-ը լինելով: Այս բեմադրությունը, ինչպես Բոդլերի «Չարի ծաղիկները», բացահայտում են մարդկային հոգու խորքերը՝ ներկայացնելով այն գեղեցկությունը, որը թաքնված է մթության մեջ։ Քալաշյանի և Մելիքյանի համագործակցությունը, ինչպես երկու հակադիր ուժերի միավորում, ստեղծում են մի ստեղծագործություն, որը արտացոլում է արվեստի էությունը՝ իր բոլոր հակասություններով: Օպերատոր Արթուր Օրդոյանի պրոֆեսիոնալ մոտեցմամբ յուրաքանչյուր շարժում և հնչյուն փոխանցվում են դիտողին՝ ստեղծելով անմոռանալի տպավորություններ։ Մոնտաժի վարպետ Աքսել Թահմասյանի շնորհիվ էլ տեսահոլովակը ձեռք է բերում հոսունություն և ռիթմ, որը համահունչ է երաժշտության և պարի դինամիկային։ Հատկանշական է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոյի հետևողական ու քննադատական աշխատքնը, որի արդյունքում պռոեկտը մի ուրիշ թափ ու բարձրություն է հավաքել: Սևակ Սողոմոնյանի իրականացրած դիզայնական աշխատանքը ամբողջացրել է տեսահոլովակի վիզուալ կոնցեպտը, մարդամոտ ու դուրեկան դարձրել տեսահոլովակը դեռ չդիտած հանդիսականի համար: Այս նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալության է արժանի օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դուրգարյանի, ում աջակցությունը և նվիրվածությունը առանցքային դեր են խաղացել այս արվեստի գործի ստեղծման համար։ «Տոկատ» տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, այլև նոր շունչ է հաղորդում դասական երաժշտությանը՝ ներկայացնելով այն ժամանակակից և վիզուալ արտահայտչական ձևով։