Լույս է տեսել Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկ


Լույս է տեսել Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկ

  • 13-10-2011 16:25:06   | Հայաստան  |  Նոր գրքեր

Օրերս «Էդիթ-Փրինթ» հրատարակության կողմից լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանին նվիրված գրքույկ, որը նախատեսված է աստղագիտությամբ եւ աստղադիտարանով հետաքրքրվողների, դպրոցականների եւ ուսանողների, աստղադիտարանի այցելուների եւ այլոց համար: Գրքույկը բաղկացած է 64 էջից, կազմված է այցեքարտի սկզբունքով եւ ներկայացնում է Բյուրականի աստղադիտարանի մասին ամփոփ եւ լիարժեք տեղեկություններ: Նրանում տեղ են գտել Բյուրականի աստղադիտարանի համառոտ պատմությունը, մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանի կենսագրությունը, աստղադիտարանում նախկինում աշխատած վաստակաշատ 11 այլ գիտնականների (Բ.Ե. Մարգարյան, Գ.Ա. Գուրզադյան, Լ.Վ. Միրզոյան, Մ.Ա. Առաքելյան եւ այլոք) համառոտ կենսագրությունները, տեղեկություններ աստղադիտարանի դիտակների (2.6մ, 1մ Շմիդտ եւ այլն) եւ այլ գիտական սարքավորման, գիտական գրադարանի եւ թիթեղադարանի, Բյուրականյան շրջահայությունների (այդ թվում ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում ընդգրկված Մարգարյանի հանրահայտ շրջահայության), Բյուրականում անցկացված գիտական միջոցառումների, միջազգային գիտական համագործակցության մասին, բերված են աստղադիտարանի ողջ գիտական կազմի, ինչպես նաեւ արտասահման տեղափոխված նախկին աշխատակիցների տվյալները: Վերջում տրված է հայ աստղագետների կողմից եւ նրանց մասին հրատարակված կարեւորագույն գրքերի ցուցակը: Լինելով կարեւորագույն գիտական, կրթական եւ մշակութային օջախ, Բյուրականի աստղադիտարանը ներկայացված է նաեւ որպես այցելությունների կենտրոն: Հետաքրքրական է, որ վերջին անգամ Բյուրականի աստղադիտարանի մասին հայերեն լեզվով գրքույկ էր հրատարակվել ավելի քան 30 տարի առաջ՝ 1978 թվականին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր