Երեւանում կայացել է Ֆելիքս Բախչինյանի երեք անուն նոր գրքերի շնորհանդեսը


Երեւանում կայացել է Ֆելիքս Բախչինյանի երեք անուն նոր գրքերի շնորհանդեսը

  • 22-11-2011 22:25:54   | Հայաստան  |  Նոր գրքեր

Երեւանում կայացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս Բախչինյանի երեք անուն նոր գրքերի շնորհանդեսը, որին ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը» վերնագրով մենագրությունների աշխատությունը 6 ենթավերնագրերով ներկայացնում է երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կյանքի ու հասարակական-քաղաքական գործունեության հանրությանը անհայտ մնացած անկյուններ: Գրքում տեղ են գտել հատվածներ Անդրանիկ Մարգարյանի խոհերից եւ ապագայի մտահոգություններից: Ֆելիքս Բախչինյանը մեծ ձեռքբերում է համարում իր կյանքում Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումները: Հեղինակը համոզված է, որ այս աշխատությունն առաջին քայլն է նաեւ հետագա մենագրությունների համար: «Ավանգարդ» թերթի եւ «Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը» գրքի խմբագիր ու «Սիրելիները երբեք չեն հեռանում» առաջաբանի հեղինակ Ջուլիետ Մարտիրոսյանն ընդգծել է, որ լուսահոգի վարչապետն այն քաղաքական գործիչն էր, ով իր ամբողջ հոգով նվիրվում էր յուրաքանչյուրին եւ վարակում դրանով բոլորին, այդ թվում նաեւ որդուն` քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երկու անուն մյուս գրքերը նվիրված են նորվեգացի հետախույզ, գիտնական, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին եւ Հայոց հարյուր երեսունմեկերորդ հայրապետ Գարեգին առաջինի հիշատակին: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հեղինակին` հաճելի անակնկալի եւ մեծածավալ ու երկարատեւ աշխատանքի համար:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր