«Նարեկացու հետ» գրքի շնորհանդես


«Նարեկացու հետ» գրքի շնորհանդես

  • 23-11-2011 15:03:51   | Հայաստան  |  Նոր գրքեր
Նոյեմբերի 24-ին ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը: Գրական այս յուրահատուկ հանրագիտակն իր մեջ ամփոփում է Նարեկացու ստեղծագործությունները, նրան նվիրված շուրջ 150 հոդվածներ եւ նյութեր, 600 լուսանկարներ, պատկեր-խոյակներ, Հայկական, Կիլիկյան, Վասպուրականի մանրանկարներ, կերպարվեստի գործեր: Նշանավոր գրողների եւ արվեստագետների, գործիչների ստեղծագործությունները` նվիրված Նարեկացուն եւ նրա ստեղծագործություններին: Այդ անուններից են` Ղեւոնդ Ալիշանը, Վիլյամ Սարոյանը, Մանուկ Աբեղյանը, Արշակ Չոպանյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Պարույր Սեւակը, Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Թամրազյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, Հրաչյա Թամրազյանը, Վարագ Առաքելյանը, Վարդան Դեւրիկյանը եւ ուրիշներ: Այստեղ են նաեւ աշխարհի մեծերի` Դանթեի, Գյոթեի, Բախի, Դոստոեւսկու խոսքերը Նարեկացու մասին: Առանձին վերնագրերով ներկայացված է Նարեկացին` կերպարվեստում, հայկական մանրանկարներում, երաժշտության մեջ եւ այլն: Գիրքը կազմված է 27 բաժիններից: «Մուտք» բաժնում կազմողի խոսքն է, Պարույր Սեւակի «Գրիգոր Նարեկացին», Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը` «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակի առթիվ: Մնացած նյութերն ու հոդվածներն ամփոփված են «Կյանքը եւ ժամանակը», «Նարեկացու աշխարհայացքը», «Բանարվեստի նարեկյան դպրոցը», «Գրիգոր Նարեկացի: Ստեղծագործությունները», «Մատյան ողբերգության» պոեմի պատմությունից, «Մատյան ողբերգության» երկի թարգմանությունները», «Երգի արքան: Հատվածներ ստեղծագործություններից», «Գրիգոր Նարեկացի: Ներբողներ եւ տաղեր», «Գրիգոր Նարեկացի: Գանձեր», «Սուրբ Աստվածաշունչ եւ Նարեկ», «Ավանդապատումներ ու զրույցներ», «Համայն մարդկության հոգու բժշկարանը», «Նարեկի հրատարակիչներ ու տպարաններ», «Գրականություն Գրիգոր Նարեկացու մասին», «Խոսք Նարեկացուն: Կարծիքներ Գրիգոր Նարեկացու մասին», «Գրիգոր Նարեկացուն նվիրված բանաստեղծություններ» եւ այլ խորագրերի ներքո: Գիրքը լույս է տեսել 2011թ., նվիրված է հայկական տպագրության 500-ամյակին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր