Տեղի է ունեցել Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը


Տեղի է ունեցել Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը

  • 24-11-2011 20:28:29   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել Արարատի մարզային գրադարանի տնօրեն Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը: Մինչ նիստերի սրահ հասնելը հյուրերը ծանոթացել են նախասրահում բացված ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Յ.Պետրոսյանի հրատարակած գրքերը: Շնորհանդեսն ուղեկցվել է էկրանից ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի` «Մատյան ողբերգության» պոեմից մի հատվածի ընթերցմամբ: Ըստ Ազգային գրադարանից ստացված հաղորդագրության, բացման խոսքում Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը շնորհավորել է Յ.Պետրոսյանին` գրքի լույսընծայման առթիվ: Իսկ միջոցառման վարող, ՀԱԳ փոխտնօրեն Ռ.Ղազարյանը համառոտ ներկայացրել է Յ.Պետրոսյանին, կարեւորել նման գրքի հրատարակումը: Գրքի ծնունդը ողջունել են ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մանուկյանը, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ Քրիստինե Հովհաննիսյանը, «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը եւ ուրիշներ: Գրական այս յուրահատուկ հանրագիտակն իր մեջ ամփոփում է Նարեկացու ստեղծագործությունները, նրան նվիրված շուրջ 150 հոդվածներ եւ նյութեր, 600 լուսանկարներ, պատկեր-խոյակներ, հայկական, կիլիկյան, Վասպուրականի մանրանկարներ, կերպարվեստի գործեր: Նշանավոր գրողների եւ արվեստագետների, գործիչների ստեղծագործությունները` նվիրված Նարեկացուն եւ նրա ստեղծագործություններին: Այդ անուններից են` Ղեւոնդ Ալիշանը, Վիլյամ Սարոյանը, Մանուկ Աբեղյանը, Արշակ Չոպանյանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լեւոն Շանթը, Մարտիրոս Սարյանը, Եղիշե Չարենցը, Պարույր Սեւակը, Մկրտիչ Սարգսյանը, Հրանտ Թամրազյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, Հրաչյա Թամրազյանը, Վարագ Առաքելյանը, Վարդան Դեւրիկյանը եւ ուրիշներ: Այստեղ են նաեւ աշխարհի մեծերի` Դանթեի, Գյոթեի, Բախի, Դոստոեւսկու խոսքերը Նարեկացու մասին: Առանձին վերնագրերով ներկայացված է Նարեկացին` կերպարվեստում, հայկական մանրանկարներում, երաժշտության մեջ եւ այլն: Գիրքը կազմված է 27 բաժիններից: «Մուտք» բաժնում կազմողի խոսքն է, Պարույր Սեւակի «Գրիգոր Նարեկացին», Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը` «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակի առթիվ: Մնացած նյութերն ու հոդվածներն ամփոփված են «Կյանքը եւ ժամանակը», «Նարեկացու աշխարհայացքը», «Բանարվեստի նարեկյան դպրոցը», «Գրիգոր Նարեկացի: Ստեղծագործությունները», «Մատյան ողբերգության» պոեմի պատմությունից», «Մատյան ողբերգության» երկի թարգմանությունները», «Երգի արքան: Հատվածներ ստեղծագործություններից», «Գրիգոր Նարեկացի: Ներբողներ եւ տաղեր», «Գրիգոր Նարեկացի: Գանձեր», «Սուրբ Աստվածաշունչ եւ Նարեկ», «Ավանդապատումներ ու զրույցներ», «Համայն մարդկության հոգու բժշկարանը», «Նարեկի հրատարակիչներ ու տպարաններ», «Գրականություն Գրիգոր Նարեկացու մասին», «Խոսք Նարեկացուն: Կարծիքներ Գրիգոր Նարեկացու մասին», «Գրիգոր Նարեկացուն նվիրված բանաստեղծություններ» եւ այլ խորագրերի ներքո: Գիրքը լույս է տեսել 2011թ., նվիրված է հայկական տպագրության 500-ամյակին:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play