«ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐՈՒՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ
01-12-2011 09:14:54 | Հայաստան | Հարցազրույցներ
Հոկտեմբեր 28էն 29 Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) նախագահութեան նիստերու դահլիճին մէջ տեղի ունեցած է վերոնշեալ վերտառութեամբ գիտաժողովի բացումը, որ այնուհետեւ շարունակուած է Հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկին (ՀԱՀ) մէջ։ Այս առթիւ կարճ զրոյց մը ունեցանք գիտաժողովի կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ՀԱՀ առաջատար գիտաշխատող, դոկտոր Արմէն Պետրոսեանի հետ։ Զրոյցը ամբողջութեամբ կը ներկայացնենք մեր ընթերցողներու ուշադրութեան։
Հ.− Պարոն Պետրոսեան, ինչպէ՞ս եւ երբ յղացուեցաւ «վիշապ»ներու վերաբերեալ գիտաժողով կազմակերպելու գաղափարը։
Պ.- Վիշապ քարակոթողները Հայկական լեռնաշխարհի ամենաառանձնայատուկ, ամենահետաքրքիր եւ ամենահանելուկային յուշարձաններից են: Վկայուած են միայն մեր լեռնաշխարհի հիւսիսային որոշ շրջաններում՝ յաճախ լեռներում, աղբիւրների ու գետերի ակունքների մօտ: Այդ կոթողները հեռու են գտնւում բնակավայրերից, ուստի եւ դուրս են մնացել բնակչութեան լայն շերտերի, ապա նաեւ՝ զբօսաշրջիկների ուշադրութիւնից: Վիշապաքարերի վերաբերեալ լաւագոյն, առաւել ընդգրկուն մենագրութիւնը հրատարակել են խորհրդային գիտնականներ Մառը եւ Սմիռնովը՝ 1931ին, իրենց իսկ քսանամեայ վաղեմութեան հետազօտութեան հիման վրայ: Դրանից յետոյ եղել են միայն մեկնաբանութեան փորձեր եւ նոր կոթողների յայտնաբերման մասին հաղորդումներ: Այնպէս որ, այս գիտաժողովը մեզանում վաղուց ի վեր հասունացած էր:
Հ.− Արդեօք կը մտածէ՞ք, որ այդ թեման արդիական եւ հրատապ է ժամանակակից հայագիտութեան մէջ։
Պ.- Ընդհանրապէս Հայաստանի մշակոյթի, այդ թւում՝ հնագոյն մշակոյթի ուսումնասիրութիւնը արդիական է միշտ: Գիտութիւնը զարգանում է, յառաջ գնում: Ի յայտ են գալիս նոր մօտեցումներ, արւում են նոր բացայայտումներ… Մշակութային երեւոյթները պէտք է իմաստաւորուեն նոր ընկալումների ու մօտեցումների հիման վրայ:
Հ.− Այժմ Հայաստանի մէջ ո՞վ կը զբաղի վիշապ քարակոթողներու համակարգային ուսումնասիրութեամբ։
Պ.- Հայաստանում եւ աշխարհում ոչ ոք յատուկ չի զբաղւում «վիշապ»ների համակարգային ուսումնասիրութեամբ: Մեր գիտաժողովը նոր հետաքրքրութիւն առաջացրեց այդ կոթողների նկատմամբ, եւ հնարաւոր է, որ յաջորդ տարի մի արշաւախումբ ձեւաւորուի, որը կը զբաղուի որոշ վիշապ-կոթողների տեղագրութեամբ եւ նրանց մերձակայքում պեղումներ կ’անցկացնի, ինչը, կարծում եմ, մի շարք հարցերի նոր ու ճշգրիտ պատասխաններ կը տայ:
Հ.− Պարոն Պետրոսեան, այսինքն՝ նախորդ հետազօտողներու ձեռք ձգած արդիւնքները եւ եզրայանգումները այնքան ալ գոհացուցիչ չե՞ն արդի գիտութեան պահանջներուն տեսանկիւնէն։
Պ.- Նախորդ սերունդների գիտնականների վաստակը կարելի է միայն գնահատել: Նրանք արել են այն, ինչ կարողացել են: Բայց շատ ջրեր են հոսել, ասենք՝ Խորհրդային Միութեան առաջին տարիների ժամանակներից, երբ տպագրուել է «վիշապ»ների վերաբերեալ աշխատութիւնների մեծ մասը: Այսպէս, Նիկողայոս Մառը հանճարեղ գիտնական էր՝ մեծ հայագէտ, մեծ հնագէտ եւլն., բայց իւրայատուկ մի տեսութիւն էր ստեղծել լեզուի մասին, որը ստալինեան իշխանութեան տարիներին պետական կարգավիճակ էր ստացել: Այդ տեսութիւնը զուրկ էր իրական հիմքից, բայց պաշտպանւում էր նաեւ հայաստանեան գիտնականների կողմից… «Վիշապ» կոթողների վերաբերեալ որոշ տեսակէտներ շատ մտահայեցողական են. այսպէս, Աբեղեանը կարծում էր, թէ «վիշապ»ները նուիրուած են եղել Ատղիկ դիցուհու, իսկ Ղափանցեանի կարծիքով՝ Արա Գեղեցիկի պաշտամունքին: Բայց նրանք, օրինակ, չգիտէին, թէ որքան հին են այդ կոթողները, որ գալիս են առնուազն նախա-ուրարտական ժամանակներից՝ ն.Ք. երկրորդ հազարամեակից: Դա բացայայտուեց յետոյ, երբ մի վիշապի վրայ ուրարտական սեպագիր արձանագրութիւն յայտնաբերուեց:
Հ.− Պարոն Պետրոսեան, ի՞նչ առընչութիւն կայ, ձեր կարծիքով, ∩վիշապ∪ քարակոթողներու եւ վիշապ առասպելական էակներու միջեւ։
Պ.- Թէեւ կոթողների «վիշապ» անուանումը արձանագրուած է քսաներորդ դարում եւ միայն՝ Գեղամայ լեռների վիշապների համար, բայց, ինչպէս փորձել եմ ցոյց տալ իմ աշխատութիւններում, այդ կոթողները պէտք է կապուած լինէին առասպելական վիշապների ու վիշապամարտի առասպելի հետ: Քարակոթողները յաճախ ունեն ձկան տեսք, իսկ մեր տարածաշրջանի որոշ հին աւանդոյթներում ամպրոպի աստծու հակառակորդ օձ-վիշապը որպէս ձուկ է պատկերացուել: Այսպէս, խեթական (արեւմտահայ՝ հիթիթական) ամպրոպի աստծու հակառակորդ վիշապի՝ Իլույանկայի անունը նշանակում է «օձաձուկ», իսկ յունական ամպրոպի աստուած Զեւսի հակառակորդ մեծ հրէշ-վիշապը՝ Տիւփոնը, հէնց որպէս ձուկ է պատկերացուել: Նոյնը կարելի է ասել եւ հայկական վիշապների վերաբերեալ՝ վիշապ բառը հայերէնում ունի նաեւ «մեծ ձուկ» իմաստը:
Հ.− Ո՞րն է ձեր հետազօտութիւններու՝ այս հարցերուն առընչուող նորոյթը։
Պ.- Հնդեւրոպական առասպելաբանութեան մէջ ամպրոպի աստծու հակառակորդ՝ օձ-վիշապի անունը կապուած է *wel- արմատի հետ (աստղանիշը ցոյց է տալիս, որ այդ արմատը վերականգնուած է տարբեր լեզուների տուեալների համեմատութեան հիման վրայ): Դրա հայերէն արտացոլումը պիտի լինէր գեղ-, քանի որ հայերէնում բառասկզբի w-ն կանոնաւոր կերպով դարձել է գ-: Եւ ահա, վիշապ քարակոթողներին ամենամեծ խտութեամբ հանդիպում ենք Գեղամայ լեռներում, Գեղարքունիք գաւառում, Գեղ լերան վրայ, Գեղի ամրոցի կողքին… Քարակոթողները յաճախ պատկերում են ձուկ, վրան՝ զոհաբերուած ցլի մորթի, իսկ ցլի բերանից ջրի շիթեր՝ անձրեւ: Այս հաւաքածուն՝ ձուկ, ցուլ, ջուր,- միանգամայն համապատասխանում է ամպրոպի աստծու եւ վիշապի կռուի առասպելի կերպարներին ու նրանց ատրիբուտներին (բնորոշ յատկանիշ - «ՆՅ»): Այսպէս, ցուլը ամպրոպի աստծու խորհրդանիշն է, ձուկը՝ նրա հակառակորդ վիշապի, եւ նրանց մենամարտից յետոյ էլ ջուր է հոսում՝ այսինքն անձրեւ է տեղում: Քարակոթողների վրայ, սակայն, պատկերուած է ո՛չ թէ աստծու եւ վիշապի առասպելական մենամարտը, այլ առասպելի հետ կապուած մի ծէս՝ ցլի զոհաբերութիւն, քանի որ աստծուն զոհաբերում էին իր իսկ խորհրդանիշը հանդիսացող կենդանին:
Հ.− Պարոն Պետրոսեան, ձեր կարծիքով, հետաքրքրական եւ նոր ի՞նչպիսի վարկածներ ներկայացուեցան գիտաժողովի ընթացքին։
Պ.- Նոր եւ հետաքրքիր վարկածները շատ էին: Թուարկեմ մի քանիսը: Այսպէս, Աշոտ Փիլիպոսեանը միանգամայն նոր քննութեան հիման վրայ ցոյց տուեց, որ որոշ վիշապներ պէտք որ ստեղծուած լինէին ն.Ք. 18-13րդ դարերի ընթացքում: Ըստ նրա՝ քարակոթողների վրայի յայտնի մի պատկերը՝ ձողի վրայ երկու թռչուն, իր ճշգրիտ համապատասխանութիւնն ունի այդ դարաշրջանից վկայուած որոշ զարդերի վրայ: Լեւոն Աբրահամեանը վիշապների դիրքի եւ պատկերագրութեան մանրամասների հիման վրայ՝ նոր, առասպելաբանական եւ ծիսաբանական փաստարկումներով հիմնաւորեց նրանց եւ վիշապամարտի առասպելի կապը: Պէրլինի համալսարանի աշխատակից Ալեսանտրա Ճիլիպերթը ցոյց տուեց վիշապ քարակոթողների պատկերագրութեանը շատ նման պատկերների առկայութիւնը Հայկական լեռնաշխարհի հարեւանութեամբ՝ Կապադովկիայում, ն.Ք երկրորդ հազարամեակի սկզբի հնագիտական գտածոների մէջ, ինչը բացատրւում է մեր լեռնաշխարհի հիւսիսի եւ այդ շրջանի միջեւ հնագոյն կապերի գոյութեամբ: Ես փորձեցի ցոյց տալ կոթողների հաւանական կապը խուռա-ուրարտական ամպրոպի աստծու՝ Թեյշեբա-Թեշուբի եւ նրա հակառակորդ քարէ հրէշ Ուլլիկումմիի առասպելների հետ: Իմ կարծիքով՝ Թեյշեբայի յունական կրկնակն է Թեսեւսը, որի առասպելում առաջնային տեղ է գրաւում ցլի զոհաբերութեան մոտիւը (հմմտ. մարաթոնեան ցլի եւ Մինոտաւրոսի զոհաբերութիւնները):
Հ.− Ինչպէ՞ս կ?ընդհանրացնէիք գիտաժողովի արդիւնքները։ Ե՞րբ պիտի հրատարակուին նիւթերը։
Պ.- Գիտաժողովն անցաւ շատ արդիւնաւէտ: Արդիւնքները, կարելի է ասել, գերազանցեցին սպասելիքները: Ինչպէս իր վերջին ելոյթում նշեց գիտաժողովի մասնակից, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանութեան ամպիոնի վարիչ Համլէտ Պետրոսեանը, հպարտութեան զգացում է տիրում մարդուն, երբ տեսնում է, թէ ինչպէս միայն մեր հանրապետութեան՝ հիմնականում մեր ինստիտուտի (հիմնարկի - «ՆՅ») աշխատակիցների ուժերով, կարողացանք այդքան խորանալ այդ հանելուկային կոթողների գաղտնիքների մէջ եւ այդքան նոր բացայայտումներ անել: Գիտաժողովի նիւթերը կը հրատարակուեն յաջորդ տարի:
Հարցազրոյցը վարեց՝
ՏՈՐՔ ԴԱԼԱԼԵԱՆ
ՆՅ