«Ալիք» անունը շատ ճիշտ է հնչում, «Ալիք» նշանակում է շարժում եւ ալիքը ծովը մաքրում է


«Ալիք» անունը շատ ճիշտ է հնչում, «Ալիք» նշանակում է շարժում եւ ալիքը ծովը մաքրում է

  • 19-12-2011 10:35:03   | Իրան  |  Հարցազրույցներ
Իրան-Հայաստան բարիդրացիական կապերը բազմաբնոյթ են ու ընդարձակ եւ չեն սահմանափակւում քաղաքական-տնտեսական բնագաւառներով, այլ նաեւ՝ մշակութային բնոյթով: Այդ շրջագծում նոյ. 19-ին «Ալիք»-ի յարկի տակ հիւրընկալեցինք Հայաստանից հիւրաբար Իրանում գտնւող արձակագիրների, դրամատուրգների, գրականագէտների ու ռեժիսորների, որոնք Իրան են ժամանել՝ Իրանի Թատրոնի տան հրաւէրով: Յիշեալները «Ալիք» էին այցելել իրանահայ թատերական թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանի ուղեկցութեամբ: Հայաստանից ժամանած հիւրերն էին՝ Նելլի Շահնազարեանը՝ արձակագիր-դրամատուրգ, հրապարակախօս եւ Գաբրիէլ Սունդուկեանի անւան Ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրէն, թատրոնի վաստակաւոր գործիչ Ալեքսանդր Գրիգորեանը, երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադէոսեանը, դրամատուրգ-արձակագիր Գէորգ Սարգսեանը, դրամատուրգ Գագիկ Կարապետեանը, գրականագէտ-քննադատ Արմէն Աւանէսեանը: Նշելի է, որ յարգելի հիւրերը Թեհրանում նոյեմբերի 15-ից 20-ը մասնակցել էին ամենօրեայ լսումների՝ «Թաթրէ շահր»-ի կոնֆերանսների դահլիճում: Յիշեալ համագումար-լսումները կազմակերպւել էին՝ Իրանի Թատրոնի տան, Թատրոնի գերատեսչութեան, իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով տեղակալութեան, «Թաթրէ շահր»-ի եւ Արւեստագէտների տան համագործակցութեամբ: Հիւրերի հետ զրոյցը ներկայացնում ենք ստորեւ. Մեր առաջին զրուցակիցն էր պատւիրակութեան պատասխանատու Նելլի Շահնազարեանը: Նա արձակագիր, դրամատուրգ եւ հրապարակախօս է: 15 տարի է, ինչ Գաբրիէլ Սունդուկեանի անւան Ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրէնն է, դրանից առաջ ղեկավարել է Վանաձորի (նախկին Կիրովական) Մարզային գրողների բաժանմունքը եւ եղել է Հայաստանի Գրողների միութեան Գրական ֆոնդի նախագահը: Նա իր հետ ունեցած զրոյցը այսպէս շարունակեց. «Հեղինակն եմ չորս գրքերի, հրապարակախօսական յօդւածների, պատմւածքների, պիէսների ժողովածուի: Հիմա հրատարակութեան է պատրաստւում նոր ժողովածուս, բեմադրել եմ «Մանկական կանաչ դաշտ», «Իմ ծաղկած դեղձենի» պիէսները՝ Սունդուկեանի թատրոնում եւ Վանաձորի թատրոնում: Նկարահանւել է հեռուստաֆիլմ՝ իմ հեղինակած «Ելիր դուռդ բաց արա» պիէսից, «Թափօրը» մոնոդրաման, որը մասնակցել է միջազգային բազում փառատօների, ինչպէս՝ Գերմանիայում, Մոսկւայում եւ Հայաստանում, ուր շահել է գլխաւոր մրցանակներ, 2003 թւականին մասնակցել է Իրանի «Իրանզամին» փառատօնին, որը խաղացել ենք ժամանակին նաեւ Հ. Մ. «Սիփան» միութիւնում»: Տկն. Շահնազարեանը հրաւէրի մասին այսպէս ասաց. «Այս պատւիրակութիւնը Իրանի Թատրոնի տան դրամատուրգների հրաւէրով Իրան ժամանեց, որը փոխադարձ այցելութիւն է: Նշեմ, որ անցեալ տարի գարնանը նրանք եղան մեզ մօտ եւ սա փոխադարձ այց է: Միասին շատ կարեւոր գործ ենք սկսել, առայժմ կարծես թէ տան հիմքերն ենք գցել եւ պիտի կառուցենք մի շատ լաւ տուն: Մենք մտադիր ենք երկու ազգերի դրամատուրգներին թարգմանել պարսկերէն եւ հայերէն, եւ ոչ միայն թարգմանել եւ տպագրել առանձին գրքով կամ հանդէսով, այլեւ դրանք կեանքի կոչել, այսինքն՝ բեմադրել պարսիկ հեղինակներինը՝ հայ բեմում, հայ հեղինակներինը՝ պարսկական բեմում, որը ճանաչողութեան շատ կարեւոր միջոց է եւ կարծում եմ, որ պիտի յաջողի, որովհետեւ արդէն ձեռնարկել ենք: Թարգմանւել են մի քանի հայ հեղինակներ՝ իրանահայ թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանի շնորհիւ, որը մեծ ներդրում ունի եւ կարելի է ասել, որ իր նախաձեռնութիւնն է նաեւ եւ շատ մեծ գործ է կատարում: «Նա հայ հեղինակների գործերը թարգմանում է պարսկերէնի, որը շատ կարեւոր է եւ շատ լաւ մակարդակի թարգմանութիւն է, որովհետեւ դա շեշտել են բոլոր պարսիկ դրամատուրգները եւ նրա շնորհիւ՝ մենք մեր գործերը կարողանում ենք ներկայացնել պարսիկ հանդիսատեսին: Այստեղի համագումարում շատ պրոֆեսիոնալ լսումներ եղան, այսինքն՝ ռեժիսորը բեմադրում է եւ դերասանները խաղում են սեղանի շուրջ, որը բեմադրութիւն չէ, բայց նաեւ սովորական ընթերցում չէ: Սա առաջին քայլն է, որից յետոյ կանցնենք բեմադրութեանը: Իրանում տեսել ենք ներկայացումներ, որոնցից խիստ տպաւորւած ենք: Իրանում կան շատ լաւ պրոֆեսիոնալ դերասաններ, որը խիստ ոգեւորել է մեզ: Այնուհետեւ նրանք պիտի այցելեն Հայաստան եւ պիտի պարսկերէն պիէսները հայերէնով լոյս տեսնեն: Եբր սկսւեն բեմադրութիւնները, նշանակում է, որ մենք հասել ենք մեր նպատակներին»: Այն հարցին, որ նման սերտ կապերով ամրապնդւած՝ երկու երկրների ժողովուրդները ինչքանով են ծանօթ միմեանց գրականութեանը, նա պատասխանեց. «Ոչ միայն մենք, այլեւ աշխարհի ժողովուրդը ճանաչում է պարսիկ գրողներին, ինչպէս՝ Հաֆէզ, Ռուդաքի, Ֆերդոսի, որոնց ոչ միայն կարդացել ենք, այլեւ անգիր գիտենք: Մենք լաւապէս գիտենք այդ շրջանի գրականութիւնը, հիմա էլ իրանական շատ գրքեր ու գրականութիւն են թարգմանել՝ Էդւարդ Հախվերդեանը, Էմմա Բեգիջանեանը, Անդրանիկ Խեչումեանը եւ Ահմադ Նուրիզադէն: Այս թարգմանութիւնների միջոցով մենք ծանօթանում ենք պարսիկ ժամանակակից գրականութեանը, նաեւ փոխադարձաբար մեր գրականութիւնն է թարգմանւում պարսկերէնի: Միջնադարեան եւ վաղ շրջանի գրականութեանը ծանօթ ենք այնքանով, որ կարող ենք գրականութեան մասին պատկերացում կազմել, իսկ արդէն ժամանակակից գրականութիւնը թարգմանւում է: Նշեմ, ի դէպ, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը շատ մեծ գործ է կատարում: Շնորհակալութիւն նաեւ նրանց, որ մենք եղանք Իրանում, շնորհակալ ենք նաեւ մեր մշակոյթի նախարարութիւնից եւ այսպիսով՝ բարեկամական սերտացման քայլեր են արւում»: Քանի որ տկն. Շահնազարեանը Հայաստանում մասնակցել էր «Ալիք»-ի 80-ամեակի առիթով կազմակերպւած ծրագրին՝ «Ալիք»-ի յարկի տակ ներկայութեան խնդրով ասաց՝ «Ալիք»-ը վաստակած թերթ է: Նշեմ, որ Հայաստանում կազմակերպւած «Ալիք»-ի 80-ամեակի ծրագիրը շատ յագեցած էր: Թերթը լիովին պատկերացում է տալիս իրանահայ համայնքի ծաւալած գործունէութեան մասին եւ այն համախմբողի դեր է կատարում, որը շատ կարեւոր է: Ուրախ եմ, որ այդ օրը ներկայ եմ եղել այդ ծրագրին: Եթէ մի թերթ այսքան տարի կարողանում է գոյատեւել ու շարունակել եւ ընդլայնում է իր գործունէութիւնը, դա նշանակում է, որ թերթը կատարում է իր վրայ դրւած առաքելութիւնը: * * * Մեր յաջորդ զրուցակիցն էր երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադէոսեանը: Նա իրեն հետեւեալ ձեւով ծանօթացրեց. «Ես սկսնակ ռեժիսոր Գուժ Թադէոսեանն եմ, սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, այս տարի աւարտելով՝ ընդունւել եմ մագիստրատուրայի բաժինը՝ կինոյի մասնագիտութեամբ: Սովորելու ընթացքում մի քանի ներկայացումներ եմ բեմադրել եւ կուրսային ֆիլմեր եմ նկարահանել: 2006 թւականին տիկնիկային թատրոնում բեմադրել եմ ճապոնացի յայտնի գրող Ակուտագաւայի «Թաւուտում» ստեղծագործութիւնը, որը Հայաստանում մասնակցել է միջազգային մի շարք կինոփառատօների: Այս տարի նաեւ նկարահանել եմ «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը՝ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ, որը մասնակցեց մի շարք փառատօների՝ երկու անգամ Ս. Պետերբուրգում, Տաշկենդում, Մոսկւայում, Կիեւում, ինչպէս նաեւ յաջորդ տարի պիտի մասնակցի Բելոռուսիայի, Փարիզի, Շւէյցարիայի միջազգային կինոփառատօներին: Առաջին անգամն է, որ Թեհրանում եմ, որը շատ հաճելի էր: Նախքան գալս Հայաստանում կարդացել եմ «Ալիք»-ի 80-ամեակի մասին, բայց չէի մտածում, որ մի օր կայցելեմ «Ալիք»: Ցանկանում եմ թերթի 80-ամեայ անցած ուղին շարունակւի եւ շարունակւի այն գաղափարախօսութիւնն ու առաքելութիւնը, որ ստանձնել է թերթը՝ ի նպաստ ժողովրդի եւ Հայկական Սփիւռքի՝ հայ մշակոյթը պահպանելու գործում»: Իր վերջին նկարահանած ֆիլմի մասին նա ասաց. «Ես այս ֆիլմը ժանրային առումով տրագիկոմեդիա եմ համարում, որն արծարծում է Հայաստանում մեր ընդհանուր խնդիրները: Ֆիլմի հիմնական թեման սահմանային հարցերն են եւ փորձել եմ իմ հերոսի միջոցով այնպիսի կերպար ստեղծել, որ իր մէջ արմատաւորի հայի կերպարը, որ հայը չպիտի զիջի իր սահմանը, քանի որ մէկ թիզ հող զիջել հակառակորդին՝ դա նշանակում է դառնալ հակառակորդի ստրուկը: Ֆիլմի հերոսը ամէն կերպ պայքարում է, որ հողը չզիջի»: Իրանական թատրոնին ու մշակոյթին ծանօթ լինելու մասին նա ասաց. «Ծանօթ եմ իրանական մշակոյթին եւ Հայաստանում փառատօների շրջագծում դիտել եմ իրանական ներկայացումներ: Իրանում եւս «Թաթրէ շահր»-ում իրանական ներկայացում եմ դիտել: Ինձ համար շատ կարեւոր է նոր մշակութային ծրագրերին ծանօթանալը, քանի որ դա մարդու աշխարհայեացքը եւ մտահորիզոնն է ձեւաւորում: Իրանական մշակոյթը ինձ համար մի նոր ասելիք ու գաղափար ձեւաւորեց, որը շատ ազդեցիկ էր եւ մշակոյթը հասարակութեան արտացոլանքն է»: * * * Մեր յաջորդ զրուցակիցն էր Գէորգ Սարգսեանը՝ դրամատուրգ արձակագիրը, որը այսպէս արտայայտւեց. «Շատ ուրախ եմ, որ բարեկամ երկրում եմ գտնւում: Մենք երբեք չենք մոռանայ՝ երբ 90-ական թւականներին Հայաստանը տնտեսական ծանր վիճակում էր, Իրանը բարեկամական ձեռք մեկնեց եւ մեր ժողովուրդը մեծ օգնութիւն ստացաւ: Երկրորդ հաճելի պարագան այն է, որ մեր մշակութային յարաբերութիւնները բարձր մակարդակում են գտնւում եւ ամէն տարի մշակութային խմբեր են փոխանակւում: Գնալով այդ կապը աւելի նշանակալից է դառնում ու արդիւնաւէտ, որովհետեւ մշակութային կապը հոգեւոր կապ է. բացի դա՝ չէի պատկերացնում, որ Թեհրանը այսքան մեծ քաղաք լինի: Երբ ես տեսնում եմ իրանցուն, նմանութիւն եմ տեսնում հայերի եւ պարսիկների միջեւ, երկու արիական ժողովուրդներ, որոնք համընդհանուր կապեր ունեն: Գնալով մշակութային կապը կուժեղանայ յատկապէս թատրոնի բնագաւառում, քանզի դա այն ոլորտն է, որ դահլիճում գտնւողների միջեւ անմիջապէս բեմի միջոցով հոգեւոր եւ մտաւոր կապ է ստեղծւում: Մենք ծանօթ ենք պարսկական դասական գրականութեանը, յատկապէս՝ պոէզիային: * * * Պատւիրակութեան անդամներից էր դրամատուրգ Գագիկ Կարապետեանը: Նա այսպէս արտայայտւեց. «Երկու գրքերի հեղինակ եմ: Իմ պիէսը այստեղ կայացած լսումների ժամանակ ընթերցւեց եւ բաւականին յաջող ստացւեց, բոլորը շատ գոհ էին թարգմանութիւնից եւ տեղում թատրոնի գրաքննադատ Քաթայուն Հոսէյնզադէն դրական արտայայտւեց Անդրանիկ Խեչումեանի թարգմանութեան մասին: Իմ այդ գիրքը կոչւում է «Պիէսների ժողովածու», ունեմ նաեւ «Զինւոր» պիէսը, որը նոյնպէս թարգմանւել է պարսկերէնի: Յաջորդ գրքերիս ուղղւածութիւնը լինելու է մոդեռն, որը լինելու է իմ երրորդ գիրքը: Իրան կատարած այցը շատ մեծ նշանակութիւն ունէր ինձ համար: Պարսկերէնով լսել իմ սեփական պիէսները՝ դա մեծ երջանկութիւն էր: Պիտի շարունակւեն նման յարաբերութիւնները եւ փոխադարձ այցերը խիստ դրական խթան կը հանդիսանան երկու ազգերի մերձեցման համար: * * * Մեր զրուցակիցներից էր գրագէտ, քննադատ Արմէն Աւանէսեանը: Նա սկզբում խօսելով «Ալիք»-ի մասին՝ ասաց. «Նախ շնորհակալ եմ «Ալիք»-ից՝ հիւրընկալութեան համար, շնորհակալ եմ «Ալիք»-ից՝ նման գեղեցիկ օջախ ունենալու եւ գործի համար: «Ալիք» անունը շատ ճիշտ է հնչում, որովհետեւ «Ալիք» նշանակում է շարժում եւ ալիքը ծովը մաքրում է, նման կերպով կարող է Սփիւռքի գաղթօջախներից մաքրել օտարամոլութիւնը, որոնք սպառնում են օտար ափերում գտնւող հային: Սա իմ առաջին զգացողութիւնն է, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես Արմէն Աւանէսեանն եմ, գրագէտ, քննադատ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, մի քանի տեղ եմ աշխատում: Մշակոյթի նախարարութեան գրքի եւ հրատարակչական գործի կենտրոնում հրատարակչական բաժնի վարիչն եմ: Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անւան Գրականութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, ինչպէս նաեւ նրա գրական-գեղարւեստական ամսագրի գրականագիտութեան-քննադատութեան բաժնի վարիչ: 40-ից աւելի գրականագիտական-քննադատական յօդւածների հեղինակ եմ: Այս տարի տարեսկզբում լոյս տեսաւ իմ մենագրութիւնը՝ «Արդի հայ դրամատուրգիան» վերնագրով, որն ընդգրկում է անկախութեան տարիներից սկսած՝ 1991 թւականից մինչեւ 2008 թւականի ամբողջ պաշարը: Իրան կատարած այցը ինձ համար շատ հաճելի էր: Հրաւէրը շատ հետաքրքիր էր, որովհետեւ երկու հարեւան երկրների փոխադարձ մշակութային կապի մասին է եւ երկու մշակոյթները հարստացնելու լաւագոյն առիթներից է, նաեւ այստեղ եկայ ոգեւորւած, որովհետեւ գիտէի, որ պիտի հանդիպեմ հայ համայնքին: Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ ինձ համար Թեհրան գալը եւ իրանահայութեանը չհանդիպելը կը լինէր մեծագոյն ցաւը: Ես ցանկանում եմ ինձ հետ տանել նաեւ իրանահայութեան ստեղծած մշակոյթից եւ Հայաստանից էլ փոխադարձաբար՝ լինել կապող օղակը, որպէսզի մշակութային հոսք լինի ոչ միայն պարսիկ ժողովրդի, այլեւ՝ իրանահայութեան առումով, որովհետեւ այսօր նոյնիսկ Հայաստանում կան ապամշակութային տարրեր, որոնք մշակութային դիմակի տակ քողարկւած՝ փորձում են ազգային ինքնութիւնը կորստի մատնել, իսկ մենք փոքրաթիւ ազգ ենք եւ իրաւունք չունենք ազգային զգօնութիւնը ամենափոքր չափով անգամ կորցնել: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ իրանահայութեան մօտ պահպանւում են աւանդութիւնն ու լեզուն, քանզի այլ գաղթօջախներում երկրորդ եւ երրորդ սերունդը արդէն լեզւին չի տիրապետում, եւ դա մեծ վտանգ է: Սկսած Եղեռնին յաջորդող տարիներից՝ սփիւռքահայութեանը յուզող հարցերից է եղել ուծացման հարցը: Պէտք է միշտ հաւատարիմ մնալ արմատներին եւ հպարտ եմ, որ այստեղ այսպիսի հայրենակիցներ ունեմ: Գուցէ Սփիւռքում լինեն որոշ տարբեր բնոյթի հարցեր, բայց հիմքում հայի հայ մնալու հարցն է»: * * * Մեր զրուցակիցներից էր թատրոնի վաստակաւոր գործիչ Ալեքսանդր Գրիգորեանը, որի մասին պիտի նշել հետեւեալը: Նա ռուսական մշակոյթի վաստակաւոր գործիչ է, Ստանիսլաւսկու անւան, Մայակովսկու անւան, Սմակտունովսկու անւան եւ Կիրիլ Լաւրովի անւան միջազգային մրցանակների դափնեկիր: Նա նաեւ «Արտաւազդ» մրցանակին եւ բազում այլ մրցանակների է արժանացել: 46 տարի է, ինչ Ալեքսանդր Գրիգորեանը թատրոնի գործիչ է, նա նաեւ Թատրոնների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է եւ Հայաստանում Ռուսական թատրոնի գեղար-ւեստական ղեկավարն է, որը վաղուց է, ինչ դուրս է եկել Հայաստանի աշխարհագրական սահմաններից եւ տարբեր երկրներում ելոյթներ ունենալով ու փառատօների մասնակցելով՝ յաղթանակների է արժանացել: Նա ժամանակին բեմադրել է Շեքսպիր, Չեխով, Լեւոն Շանթ, նաեւ հայ եւ ռուս ժամանակակից դրամատուրգների գործեր եւ շատ կարեւոր դեր է կատարում երկու ազգերի մշակութային մերձեցման գործում, ներկայացնում է ռուսական մշակոյթը՝ ինչպէս որ պէտք է: Նրա հանդիսատեսը Հայաստանում ոչ միայն ռուսն է, այլեւ՝ բոլորը: Նա անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեանը, հայ-ադրբեջանական պատերազմին եւ միշտ պատւով դուրս եկել: Ալեքսանդր Գրիգորեանը իր հետ ունեցած զրոյցի ընթացքում նշեց. «Ցանկութիւն ունեմ բեմադրել Լ. Շանթի «Օշին Պայլ» պիէսը, որը ռուսերէնի է թարգմանել Մարատ Մարինոսեանի դուստրը՝ Մարինա Մարինոսեանը: Բեմադրել եմ նաեւ «Ինկած բերդի իշխանուհին» եւ «Կայսրը»: Մի քանի տարի առաջ բեմադրել եմ «Կտրւած շղթայ» անունով պիէսը, որը խօսում է թուրք ու հայ երկու բանտարկեալների մասին, որոնք բանտից փախուստ են տւել. դա վերածւել է ամերիկեան կինոյի. դա հումանիզմի մասին է եւ մի քանի մրցանակներ է շահել: Ես շատ ուրախ եմ, որ Իրանում եմ եւ շատ կարեւոր եմ համարում իրանահայ համայնքի տարած մեծ գործը»: * * * Մեր վերջին զրուցակիցն էր յիշեալ խմբին Իրանում հիւրընկալող թատերական թարգմանիչ Անդրանիկ Խեչումեանը: Նա նշեց. «Հայաստանից Իրան ժամանած խումբը Իրանի Թատրոնի տան Դրամատուրգների միութեան հրաւէրով է Թեհրան ժամանել: Ես Իրանի Թատրոնի տան Դրամատուրգների եւ ռեժիսորական միութեան անդամ եմ եւ չեմ խնա-յում իմ ջանքը՝ Իրան-Հայաստան թատերական կապերի ամրապնդման համար: Ես նաեւ անդամակցում եմ Հայաստանի Թատրոնի տան: Պիտի նշեմ, որ երկու երկրների թատերական ասպարէզների զարգացման առումով դեռ անելիքներ շատ կան: Անցեալ տարի Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի եւ Իրանի միջեւ պայմանագիր ստորագրւեց, որ ամէն տարի նման փոխայցելութիւններ լինեն. որոշւել է նաեւ, որ մինչեւ դեկտ. 25-ը Հայաստանի կողմը 12 պիէս ներկայացնի՝ պարսկերէնի թարգմանելու համար, մենք եւս 12 պիէս ներկայացնենք, որպէսզի թարգմանւի հայերէնի եւ յուսանք, որ յաջորդ տարի, երբ մենք ենք գնալու Հայաստան, այնտեղ իրանական թատրոններ ներկայացւեն հայերէնով»: Զրուցավար՝ Կարինէ Դ. «ԱԼԻՔ» օրաթերթ 18 դեկտեմբերի 2011 թ.
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ