ԱՊՐԻԼԻ ԱՌԱՋԻՆ ՈՒԹ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՁԵՌՆԱՐԿԵԼ Է
ՏԱՍՆԵՐԵՔ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
09-04-1997 13:37:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): ՀՀ հյուսիս-արեւելյան
սահմանագոտում վերջին օրերի լարվածությունը առայժմ չի թուլանում:
Միայն ապրիլ ամսվա առաջին 8 օրերի ընթացքում սահմանի այդ հատվածում
սադրիչ գործողությունները կրկնվել են 13 անգամ: Բոլոր դեպքերում էլ
հակառակորդը արժանի հակահարված է ստացել, բայց Ադրբեջանի Զինված
ուժերի կողմից կատարվող ոտնձգությունները կարծես թե տխուր
օրինաչափություն են դառնում: Բացառություն չէր նաեւ անցած օրը, երբ
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 13:40-17:00-ը
ինչպես խոշոր տրամաչափի, այնպես էլ հրազենային տարատեսակ զենքերով
հրետակոծության թիրախ են դարձրել Տավուշի մարզի Այգեպար, իսկ ժամը
17:00-18:40-ը` Բերքաբեր եւ Կիրանց բնակավայրերի պաշտպանական
դիրքերը: ՀՀ Պաշտպանության նախարարության Լրատվության ու մամուլի
վարչությունից հայտնեցին, որ տուժածներ չկան: Հայաստանի Զինված
ուժերի ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո
հակառակորդը դադարեցրել է կրակը: