Կայացել է միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հաստատմանը


Կայացել է միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հաստատմանը

  • 14-02-2012 14:51:26   | Իրան  |  Մշակույթ
Իրանի Հայ արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ երէկ երեկոյեան «Արամ Մանուկեան» սրահում կայացաւ միջոցառում՝ նւիրւած Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան հերքումը քրէականացնող օրինագծի հաստատման: Միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Մակար վրդ. Աշգարեանը, միութիւնների ու «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ: Ձեռնարկի բացման խօսքն ասաց եւ ծրագիրը վարեց բանաստեղծ Ալմինը՝ սկզբում ասմունքելով իր հեղինակած «Արեւ ծագման» բանաստեղծութիւնը, որից յետոյ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութեան նախագահ Հայրիկ Աւետեանը: Օրւայ բանախօսն էր դոկտ. Կարէն Խանլարեանը, որը հանգամանօրէն եւ բազմակողմանի մեկնաբանութիւններով անդրադարձաւ Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի հաստատմանը նախորդող հանգրւաններին եւ ներկայ գործընթացին՝ նշելով, որ ինչ էլ լինի օրինագծի հաստատման վերջնական ճակատագիրը՝ այն Ֆրանսիայի խորհրդարանի եւ սենատի կողմից հաստատում ստանալն արդէն իսկ Հայ Դատի պահանջատիրական պայքարում մեծ ձեռքբերում կարելի է համարել: Բովանդակալից բանախօսութիւնից յետոյ՝ ներկաների կողմից օրւայ թեմայի կապակցութեամբ հարցեր ուղղւեցին բանախօսին, որի կողմից տրւեցին սպառիչ պատասխաններ: Միջոցառման ընթացքում մէկական երգերով ելոյթ ունեցան Արհեստաւորների միութեան անդամներ՝ Սերոժ Շահբանդարեանը, Ֆրէդ Մաւաթեանն ու Էլբէկ Խեչումեանը եւ Ալմինն ասմունքեց իր գրչին պատկանող «Երկրիս, ժողովրդիս» բանաստեղծութիւնը: Ձեռնարկը եզրափակւեց Սրբազան Հօր հայրական խօսքով: Նա խնդրոյ առարկայ օրինագծի հաստատման գործընթացին անդրադառնալով՝ նշեց, որ այս գործընթացում մարդկային բարոյականութեան նկատմամբ մարտահրաւէր է ուղղւած: Սրբազան Հայրն ապա իր ոգեշունչ արտայայտութիւնների առանցքը դարձրեց միասնական ուժով առկայ մարտահրաւէրները դիմագրաւելու եւ մեր կառոյցներին ու հոգե-մտաւոր արժէքներին տէր կանգնելու կարեւորութիւնը: Ձեռնարկն աւարտւեց ընդունելութեամբ: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Մշակույթ