Նոր հրատարակություն` «Arménie russe - Aventures scientifiques à l'époque des tsars - 1909-1914»


Նոր հրատարակություն` «Arménie russe - Aventures scientifiques à l'époque des tsars - 1909-1914»

  • 03-03-2012 11:02:38   | Ֆրանսիա  |  Նոր գրքեր
Ֆրանսուազ Արտիլիէ-Գարասի եւ Օլիվիէ Պալապանեանի գրիչէն, Յարութիւն-Ռեմոն Գէորգեանի աշխատակցութեամբ «Լէ զ? Արտան» հրատարակչատունէն լոյս տեսած է «Arménie russe - Aventures scientifiques à l'époque des tsars - 1909-1914» հատորը: Այս հրատարակութիւնը մեծարանք մըն է ծանօթ երկրաբան Փիէր Պոնէին, որ լայնածիր հետազօտութիւններ կատարած է Կովկասի եւ Հայաստանի մէջ: Ստորեւ գիրքին նախաբանը: Ֆրանսիացի ճանաչուած երկրաբան եւ դասախօս, փրոֆ. Փիէր Պոնէն եւրոպական այն գիտնականներից մէկն էր, ով ականաւոր երկրաբաններ, ակադեմիկոս Հ. Ապիխի, փրոֆ. Վ. Օսվալտի եւ ուրիշների հետքերով Ի. դարի սկզբներին եկաւ Հայաստան եւ բազմամեայ հետազօտութիւններ ծաւալեց հարաւային Կովկասում, որը կազմում է Միջերկրածովեան ծալքաւոր գօտու հանգուցային հատուածներից մէկը: Նրա երկրաբանական կառուցուածքի բացայայտումը թոյլ էր տալիս ընդհանուր պատկերացումներ կազմել գօտու ձեւաւորման եւ երկրաբանական զարգացման առանձնայատկութիւնների մասին: Փրոֆ. Փ. Պոնէի համալիր հետազօտութիւնները հիմնականում վերաբերում են Հայաստանի հարաւային եւ կենտրոնական հատուածների երկրաբանական տարբեր հասակի զանգուածների շերտագրութեան, հնէաբանութեան, տեկտոնիկայի, հրաբխականութեան եւ այլ հարցերին: Հետազօտութիւնների արդիւնքներն ամփոփուած են բազմաթիւ գիտական յօդուածներում, մենագրութիւններում, երկրաբանական քարտէզներում եւ կտրուածքներում, որոնք մինչ այսօր չեն կորցրել իրենց գիտական եւ ճանաչողական նշանակութիւնը եւ համարւում են արդիական: Փ. Պոնէի ուսումնասիրութիւնները չէին սահմանափակւում միայն երկրաբանութեամբ: Նրա հետաքրքրութիւնների շրջանակները ընգրկում են նաեւ պատմական, ազգագրական, բնագիտական եւ այլ հարցեր: Փ. Պոնէի թողած գիտական ժառանգութիւնը բացի երկրաբանական նկարագրութիւններից եւ տուեալներից հարուստ է նաեւ հայ մարդկանց կեանքին եւ աւանդոյթներին վերաբերող բազմաթիւ փաստագրերով եւ լուսանկարներով: Այդ գործում, անշուշտ, իր զգալի ազդեցութիւնն է ունեցել Փ. Պոնէի կինը՝ ազգութեամբ հայ Նադեժդա Թամամշեւան: Յիշատակման է արժանի նաեւ այն փաստը, որ Հայաստանի երկրաբանական ծառայութեան առաջին սերնդի ներկայացուցիչներ փրոֆ. Տիգրան Ջրբաշեանը եւ Պետրոս Ղամբարեանը, որոնք կրթութիւն էին ստացել Ֆրանսիայում եւ աշխատել Փ. Պոնէի ղեկավարութեամբ, մտերիմ էին նրա հետ եւ շատ բարձր էին գնահատում Փ.Պոնէի աւանդը Հայաստանի երկրաբանութեան զարգացման գործում: 1927թ−ին Փ. Պոնէն Ղամբարեանի համահեղինակութեամբ հրատարակել է աշխատութիւնը: Անցել է շուրջ 100 տարի, սակայն հայ գիտական եւ մասնաւորապէս երկրաբանական հանրութիւնը մեծ յարգանքով եւ երախտագիտութեամբ է յիշում ֆրանսիացի ականաւոր երկրաբան, փրոֆ. Փ. Պոնէին եւ բարձր գնահատում նրա ներդրումը Հայաստանի երկրաբանական գիտութեան զարգացման մէջ: Եւ մենք շատ շնորհակալ ենք ֆրանսիացի գործընկերներին, որոնք նոյնպէս յիշում են Փ. Պոնէին եւ մեզ հնարաւորութիւն ընձեռեցին արտայայտել մեր յարգանքը Փ. Պոնէի յիշատակին: Փրոֆ. Ռ. ՋՐԲԱՇԵԱՆ Գիտ. դոկտ. Ա. ԿԱՐԱԽԱՆԵԱՆ Երեւան 2009 «Նոր Յառաջ», Մարտ 3, թիւ 334
Նոյյան տապան  -   Նոր գրքեր