Բազկամարտի բաց առաջնություն բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը


Բազկամարտի բաց առաջնություն բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը

  • 06-03-2012 21:29:31   | Հայաստան  |  Սպորտ

Մարտի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնը կազմակերպել էին բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը մասնակցում էին հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ավելի քան 120 ուսանողներ։ Բազկամարտի բաց առաջնությունը տեղի ունեցավ 6 քաշային կարգում, I, II, III մրցութային տեղերով` աջ եւ ձախ ձեռքերի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարթա Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են այն միջոցառումները, որոնք իրենց մեջ պարունակում են առողջ ապրելակերպի տարրեր: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված բազկամարտի բաց առաջնությունը եւս դրա վառ ապացույցն է: Նման միջոցառումները, ըստ Մարթա Սիմոնյանի, խրախուսում են սպորտը երիտասարդության շրջանում եւ քարոզում առողջ ապրելակերպ: ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնի ղեկավար Գեւորգ Մելքոնյանի տեղեկացմամբ, բազկամարտի առաջնության մասնակիցները դեռեւս բանակում չեն ծառայել, եւ նման միջոցառումները նպաստում են, որպեսզի վաղը բանակում ունենանք ոչ միայն ֆիզիկապես կոփված, այլեւ հոգեպես ամուր զինվորներ։ Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, առաջնության բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը։ Ինչպես նշեց երիտասարդ մարզիկը, բազկամարտով զբաղվում է 1,5 տարի, մարզվում է շաբաթը 4 օր՝ 3-ական ժամ: Իր ապագան Էմիլ Ամիրշատյանը տեսնում է այս սպորտաձեւում։ Բաց առաջնության հաղթողները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ բազկամարտի առաջնությանը, ինչպես նաեւ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող համաբանակային սպարտակիադային եւ բազկամարտի միջբուհական առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play