Լույս է տեսել Ռուբինա Փիրումյանի «Հայոց Ցեղասպանությունը գրականության մեջ» գիրքը


Լույս է տեսել Ռուբինա Փիրումյանի «Հայոց Ցեղասպանությունը գրականության մեջ» գիրքը

  • 03-04-2012 19:56:12   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանու ներքո օրերս Երեւանում լույս է տեսել «Հայոց Ցեղասպանությունը գրականության մեջ» գիրքը` «Ցեղասպանության ընկալում այն սերնդի կողմից, որն այդ աղետալի տարիներն ապրեց» ենթավերնագրով («The Armenian Genocide in Literature»): Գրքի հեղինակը ցեղասպանագետ, Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի նախկին դասախոս, ներկայումս` գիտաշխատող Ռուբինա Փիրումյանն է: Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գրքի լույսընծայման առիթով Երեւանում գտնվող տիկին Փիրումյանը, գիրքը «Հայոց Ցեղասպանությունը գրականության մեջ» շարքի երկրորդ հատորն է, սակայն, վերջին 25 տարիներին իր կողմից խնդրի ուսումնասիրության արդյունքում հրատարակված երրորդ աշխատությունը: Առաջինը 1993թ.-ին այս թեմային նվիրված Ռ.Փիրումյանի գիտական ատենախոսությունն էր, որում ներկայացված էր հայ եւ հրեական գեղարվեստական գրականության վրա ցեղասպանության ազդեցության համեմատական վերլուծությունը: «Առաջին անդրադարձից հետո փորձեցի ընդլայնել ուսումնասիրության աղբյուրները, եւ ինքս ինձ համար մի ծրագիր կազմեցի, որ պետք է նախ տամ ցեղասպանության ազդեցությունը սփյուռքահայ գրականության եւ սփյուռքահայ մարդու աշխարհայացքի, ինքնության կազմավորման վրա: Մտածում էի, որ դրանից հետո խոսեմ Թուրքիայում ապրող հայ` թեկուզ ծպտյալ, մարդու մասին: Ակնհայտ էր, որ այս առումով ինձ թուրքահայ, մասնավորապես, պոլսահայ, գրականությունը ոչինչ չէր տալիս: Վերջինս այնքան ճնշման տակ էր, որ տարիներ փնտրելով ոչինչ չեմ կարողացել գտնել, կարծես, տողատակերը պետք է նայեյի»,- ասաց Ռուբինա Փիրումյանը: Ըստ նրա, վերջին շրջանում թուրք գրականության մեջ բավականին հաճախ կարելի է տեսնել հայերի հետ առնչությունը, հայերի կոտորածների, աքսորի մասին որոշ վկայագրություններ: «Բարեբախտաբար, դրանք թարգմանված են անգլերենով, ֆրանսերենով, ինչն ինձ ուսումնասիրելու հնարավորություն ընձեռնեց: Դրանք կարդալով զգում ես, թե ինչպես պետք է կարդաս սփյուռքահայ գրականությունը, այսինքն` քեզ առաջնորդում են, թե ինչ պետք է փնտրես թուրքահայ գրականության մեջ»,- նշեց նա` ընդգծելով, որ հատկապես «Հրանդ Դինքից հետո այս նյութն ավելի բացվեց»: Արդյունքում` 2008թ.-ին Երեւանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանու ներքո, հրատարակվեց Ռ.Փիրումյանի երկրորդ աշխատությունը` «Եվ նրանք, ովքեր շարունակում են ապրել Թուրքիայում 1915 թվականից հետո» («And Those Who Continued Living in Turkey after 1915») գիրքը: «Ես շարունակեցի սփյուռքահայ գրականության վրա ցեղասպանության ազդեցության ուսումնասիրություններս եւ ավելի ընդլայնեցի թեմային իրենց ստեղծագործություններում անդրադարձած գրողների շրջանակը, նրանց մտայնությունը, հոգեբանությունը, աշխարհայացքը, որպեսզի կարողանամ պարզել, թե այդ բոլորն ինչ ազդեցություն թողեց իմ սերնդի վրա, որովհետեւ ինձ համար կարեւոր է, թե ցեղասպանությունն ինչպես է տեսնում վերապրածների երրորդ, չորրորդ սերունդը»,- ասաց հեղինակը` հավելելով, որ այս շարքի հաջորդ` երրորդ, հատորում ներկայացված է լինելու ցեղասպանության ազդեցությունը հետեղեռնյան սերունդների վրա: «Շատերն ինձ հարց են տալիս, թե ցեղասպանագիտության մեջ ինչո՞ւ ոչ պատմագրություն, այլ գեղարվեստական գրականություն: Պատմագրությունն իր տեղն ունի, բայց ինձ համար ցեղասպանության պատմագրությունը չի կարող, որքան էլ որ փաստագրես, տալ այն խորքային իմաստը, հայ մարդու հոգեբանության եւ ազգային ինքնության վրա այն ազդեցությունը, որ ունեցել է: Գեղարվեստական գրականության մեջ արտացոլվում է մարդու հոգին, ուրեմն` ես փորձել եմ գտնել, թե մեր ժողովուրդն ինչ անարդարության ենթարկվեց եւ հնարավորինս պատկերը ներկայացնել: Այդ պատկերն երբեւիցե չի ամբողջանա որեւէ փաստագրության մեջ, եթե չկարդաս ինքնակենսագրական վեպերը, դիցուկ` բանաստեղծությունները, եթե չկարդաս հուշագությունները: Սրանց մեջ է, որ ժողովրդի հոգեբանությունն է ցույց տրվում, այդ աղետի ազդեցությունը ժողովրդի հոգեբանության վրա»,- ընդգծեց Ռուբինա Փիրումյանը: Բոլոր այս գրքերն անգլերենով են, քանզի, ըստ հեղինակի, օտար լեզվով մեր գրականությունը ներկայացնելու անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է վերջին հրատարակմանը, ապա, նրա համոզմամբ, շատ կարեւոր է գիրքն ամերիկյան համալսարանների գրադարաններին տալը: «Իմ կարծիքով, սա մի միջոց է ցեղասպանության ուրացման, ժխտման դեմ պայքարում»,- ասաց Ռուբինա Փիրումյանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play