«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը


«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը

  • 03-05-2012 20:30:06   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Ջերմուկ քաղաքից ոչ հեռու գտնվող «Ամուլսար» կոչվող տեղանքում «ԳԵՈԹԻՄ» ընկերության՝ Մեծ Բրիտանիայում գրանցված «ԼԻԴԻԱՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության դուստր ընկերության, կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործումը անմիջապես կհանգեցնի այդ տարածքի ամայացմանն ու բնակավայրերի ոչնչացմանը: Այս մասին նշում է «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում, որում քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է երկրի ղեկավարին կասեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործընթացը եւ ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը: Քաղաքացիական նախաձեռնությունն ընդգծում է, որ բաց եղանակով հանքավայրի շահագործումը ցանկացած տեղանքում առաջացնում է բնապահպանական խնդիրներ, որոնք առանձին դեպքերում, մասնավորապես Ջերմուկ քաղաքի մերձակայքում պարզապես անթույլատրելի են` հաշվի առնելով քաղաքի առողջարանային, հատկապես ջրաբուժական ուղղվածությունը: Նամակի հեղինակները պարզաբանում են, որ շահագործվելիք հանքավայրը գտնվում է ծովի մակերեւույթից շուրջ 3.000 մետր բարձրության վրա, ուստի հանքավայրի շահագործման աշխատանքները ֆիզիկապես հնարավոր է իրականացնել միայն ամառվա ամիսների ընթացքում: «Դա համընկնում է Ջերմուկում հանգստի ամենաթեժ սեզոնի հետ, հետեւաբար, Ջերմուկից ընդամենը 7-12 կմ հեռավորության վրա գտնվող տարածքում պարբերաբար պայթեցումների իրականացումը, դրանցով պայմանավորված փոշու առկայությունը, բեռնատար մեքենաների եւ հանքարդյունաբերական տեխնիկայի աշխատանքով պայմանավորված աղմուկը կխաթարեն քաղաքի այցելուների, հանգստացողների եւ բուժվողների հանգիստը` թուլացնելով Ջերմուկի մրցակցային ամենակարեւոր առավելությունները»: Քաղաքացիական նախաձեռնության անդամները հավելում են. «Հանքավայրի շահագործման հետեւանքով առաջացող փոշին անմիջապես կտեղափոխվի Ջերմուկ` վնասելով քաղաքի մաքուր օդն ու բնությունը, որոնք հանդիսանում են քաղաքի մրցունակության կարեւորագույն բաղադրիչները: Հանքավայրի շահագործումից հետո առաջացող հսկայական խոռոչը, ինչպես նաեւ դրա շրջակայքում մի քանի տասնյակ հեկտար տարածքի վրա հողակույտերի թափոնները օդի մշտական աղտոտման պատճառ պետք է հանդիսանան: Նախաձեռնության անդամներն ընդգծում են նաեւ, որ ոսկու հանքաքարը մշակվում է այնպիսի վտանգավոր քիմիական նյութերով, որոնք հետագայում ներքաշվելով հողի մեջ եւ խառնվելով ընդերքի ջրերին կարող են ուղղակիորեն վտանգել Ջերմուկի հանքային ջրի եւ քաղցրահամ ջրերի հետագա պիտանիությունը, ինչը կարող է ունենալ աղետալի հետեւանքներ: «Անգամ այն դեպքում, երբ հանքաքարը մշակվի Ջերմուկի հակառակ ուղղությամբ գտնվող լեռան ստորոտին, ապա այդ ջրերը կլցվեն Սպանդարյանի ջրամբար, որտեղից Որոտան-Արփա գործող թունելով նորից կլցվեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Արփա-Սեւան թունելով կհասնեն մինչեւ Սեւանա լիճ: Այս շղթան վկայում է նախագծի վտանգավորության մասին ոչ միայն տեղական, այլեւ հանրապետական մակարդակով` դառնալով ազգային անվտանգության լուրջ սպառնալիք: Հանքավայրը ոչ մեծ հեռավորության վրա է գտնվում Կեչուտի ջրամբարից: Սա նշանակում է, որ հանքավայրում պարբերական եւ ուժգին պայթեցումները կարող են վտանգել արհեստական ջրամբարի արգելապատնեշը, ինչը կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել ջրամբարից ներքեւ գտնվող մի շարք բնակավայրերի (Գնդեվազ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Արենի) համար, որտեղ բնակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության գերակշիռ մասը: Այստեղ խնդիրը վերաբերվում է հիշյալ բնակավայրերի եւ դրանցում ապրող մարդկանց ֆիզիկական գոյությանը: Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, մեր կարծիքով, պայմանավորված է այլ ռիսկերով եւս: Մասնավորապես, ռիսկեր` կապված ռադիացիոն ֆոնի փոփոխության հետ»,- նշվում է «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության նամակում: «Մասնագետները վկայում են, որ բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործումը ենթադրում է ուրանի առկայություն, որը կարող է էապես փոխել ռադիացիոն ֆոնը ողջ տարածաշրջանում` սպառնալով մարդկանց առողջությանը»: «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի բաց եղանակով շահագործումը հակասության մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես. - ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության -կառավարության ծրագրի մասին» թիվ 380-Ա որոշմանը, որով որպես հիմնական գերակայություններից մեկը սահմանվել է տարածքային համաչափ զարգացումը: - ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը: - ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությանը»: - 2010 թվականի ՀՀ Նախագահին ներկայացված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին: Քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ 2010 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագրով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական եւ տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: 2010 թվականի հոկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ՀՀ նախագահին ներկայացվել է քաղաքի զարգացման նոր գլխավոր հատակագիծը, ըստ որի Ամուլսար կոչվող տեղանքից շուրջ 3 կմ հեռավորության վրա նախատեսվում է նոր Ճոպանուղիների կառուցում, ինչպես նաեւ քաղաքի զարգացում` հիշյալ ուղղություններով: Բաց եղանակով հանքավայրի շահագործումը ուղղակիորեն կասկածի տակ է դնում ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանության արժանացած ռազմավարական ծրագրերի իրականացումը, որտեղ խոսք անգամ չկա հանքարդյունաբերության հնարավորությունների եւ գոյության մասին: Նշվում է նաեւ, որ Ջերմուկ քաղաքը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, որտեղ մարդիկ հիմնականում այցելում են հանգստի եւ առավելապես բուժման նպատակով, հետեւաբար ռադիացիոն ֆոնի ցանկացած փոփոխություն, ինչպես նաեւ հանքավայրի շահագործման հետ կապված մյուս բոլոր խնդիրներն ուղղակի եւ անմիջական բացասական ազդեցություն կունենան քաղաքի, որպես բարձր լեռնային առողջարարական հանգստավայրի հեղինակության վրա` խափանելով քաղաքի հետագա զարգացումն ու բնականոն գործունեությունը` հանգեցնելով արտագաղթի հետ կապված հավելյալ ռիսկերի: «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է նաեւ, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից մշակված եւ 2011 թվական դեկտեմբերի 4-ին ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում քննարկման ներկայացված «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության» ծրագրում շշալցված հանքային ջրի արտադրությունը դիտարկվում է 11 գերակայությունների շարքում: «Ակնհայտ է, որ շշալցված հանքային ջրերի արտադրության լոկոմոտիվն ու առաջատարը հանդիսանում է Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը, ինչն այս ծրագրի իրականացման հետեւանքով դատապարտված է վերացման: Ռադիացիոն ֆոնի, ինչպես նաեւ Ջերմուկի շրջակա տարածքների էկոհամակարգի փոփոխությունը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանքային ջրերի արտադրության վրա»,- նշվում է նամակում:
Նոյյան տապան  -   Հասարակություն