Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման»


Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս.«Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման»

  • 28-05-2012 11:08:48   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն
 Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ. «Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս: Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման: Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում: Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակարող Աստված երկնառաք օրհնության եւ հարատեւ խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հավատավոր Մեր զավակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց»։
Նոյյան տապան  -   Հասարակություն