«Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք


«Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք

  • 07-06-2012 17:29:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Ամուլսար «արշավելու» փոխարեն խոսեք Ջերմուկի բնապահպանական խնդիրների մասին: Սոցիալական կայքերից եւ առցանց ԶԼՄ-ներից մեզ հայտնի է դարձել, որ ս.թ. հունիսի 9-ին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է «արշավ դեպի Ամուլսար»: Տեղեկացնում ենք, որ Ընկերությունը իրեն տրամադրված լիցենզիաների եւ ՀՀ գործող օրենքներին համապատասխան Ամուլսարում եւ նրա հարակից տարածքում իրականացնում է երկրաբանական-հետախուզական աշխատանքներ, որը ներառում է հարակից տարածքների բնապահպանական մոնիտորինգ: Այս հողատարածքը վարձակալվում է Ընկերության կողմից: Պաշտոնապես հայտնում ենք, որ վարձակալված տարածքում չի թույլատրվում անցկացնել որեւէ հասարակական միջոցառում, արշավ կամ հավաք: Ընկերության որդեգրած առողջության եւ անվտանգության պահպանման նորմերը թույլ չեն տալիս տարածքում զանգվածային միջոցառումների անցկացում, այդ թվում` հասարակական արշավներ: Հաշվի առնելով այս հանգամանքները, Ընկերությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին չխոչընդոտել Ընկերության բնականոն աշխատանքները եւ չներխուժել Ընկերության տարածք: Միաժամանակ, «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնության անդամներին եւ Ջերմուկի համար հոգ տանող բոլոր անձանց առաջարկում ենք ծանոթանալ ս.թ. մայիսի 30-ի «Երկիր» թերթի հրապարակման հետ, որը պատմում է այն մասին, որ Ջերմուկում գործում են բազալտի եւ մետաղախարամի բաց հանքավայրեր, իսկ Դալի գետակի ափամերձ տարածքում տեղակայված է Ջերմուկի քաղաքային աղբավայրը` իր երկու տեղամասով, որտեղ այս պահին կուտակված են 40 հզ խմ կոշտ կենցաղային թափոններ: Միգուցե՞ քաղաքացիական նախաձեռնության անդամներին արժե ոչ թե «արշավ դեպի Ամուլսար» կազմակերպել, այլ խոսել բուն Ջերմուկում առկա այս բնապահպանական լուրջ խնդիրների մասին: Նշենք, որ «ԳԵՈԹԻՄ» Ընկերությունը տարածքում բնապահպանական մոնիտորինգ է անցկացնում 2007թ.-ից՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրական պահանջներով եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (International Finance Corporation/IFC) ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (European Bank for Reconstruction and Development/EBRD) միջազգային չափանիշներով: Ներկայումս ավարտին է մոտենում այդ չափանիշներին համապատասխան շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատումը (ESIA) եւ նախատեսվում է ս.թ. ամռանը զեկույցի արդյունքները ներկայացնել ազդակիր համայնքներին: Ընկերությունը Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի ոստիկանությանը գրավոր ծանուցել է տվյալ տարածքում նախատեսվող արշավի մասին, որպեսզի կանխվի որեւէ օրինազանց գործողություն կամ սադրանք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն