Արտակ Դավթյան. «Քրեական գործը Վարդան Օսկանյանի դեմ չէ հարուցված» (Տեսանյութ)


Արտակ Դավթյան. «Քրեական գործը Վարդան Օսկանյանի դեմ չէ հարուցված» (Տեսանյութ)

  • 14-06-2012 15:46:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ենթադրենք՝ Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամում խախտումներ են եղել, հարկերը թաքցրել է, եւ հիմա իրավապահ մարմիններն ուզում են մեղավորներին պատժել, այդ առնչությամբ քրեական գործ են հարուցել: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչո՞ւ երբ Վերահսկիչ պալատը 1157 խախտում էր հայտնաբերել Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում, Վազգեն Խաչիկյանի դեմ որեւէ քրեական գործ չհարուցվեց, եւ նա հիմա իր դասախոսական աշխատանքով է զբաղվում, երբ պետբյուջեից բավականին լուրջ գումարներ էր մսխվել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը սկսեց բացատրել, որ քրեական գործը Վարդան Օսկանյանի դեմ չէ հարուցված. «Եկեք ամեն ինչ իրենց անուններով կոչենք: Կա փաստի առթիվ հարուցված քրեական գործ, եւ եկեք ուղղակի հետեւենք գործի ընթացքին»: Ինչ վերաբերում է Վազգեն Խաչիկյանի գործին, ըստ Արտակ Դավթյանի, այն ժամանակ բուռն քննարկումներ էին ծավալվել, եւ այդ հարցը բարձրացվել էր Վերահսկիչ պալատի կողմից. «Գիտեք, մի դեպքում Վերահսկիչ պալատի գործառույթների հետ կապ ունենք, բայց մյուս կողմից` ԱԱԾ գործառույթներ, այսինքն՝ այն, ինչի առթիվ հարուցվել է քրգործը, դա ամբողջությամբ ԱԱԾ գործառույթների տիրույթում է գտնվում, իսկ այս մեկը` Վերահսկիչ պալատի գործառույթների տիրույթում գտնվող հարց է: Կարծում եմ, որ սահմանազատումը ավելի քան հստակ է»: Մենք հետաքրքրվեցինք` նորմա՞լ է, որ նախկին պետական պաշտոնյան, որը մեղադրվում էր նման լուրջ խախտումների մեջ, դադարեցնի իր պաշտոնավարումը եւ այլ աշխատանքի անցնի ու դրանով հարցը փակված համարվի: Հիշեցնենք, որ Խաչիկյանի գործով բացահայտված չարաշահումների առթիվ հարուցված քրգործի շրջանակում ձերբակալվեց սոցիալական ապահովության պետական ծառայության Նոր Նորքի տարածքային կառույցի պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը: Արտակ Դավթյանը նշեց. «Դուք նորմալ համարո՞ւմ եք, որ եթե կա որոշակի փաստ, որոշակի հանցանք, հանցագործություն, այդ փաստը պատկան մարմինների կողմից չբարձրացվի, չհետապնդվի եւ համապատասխան հանգուցալուծում չստանա»: Մեր դիտարկմանը, որ երկուսն էլ նորմալ չէ, բայց ինչո՞ւ է մի կողմի նժարն իջնում, մյուսինը` ոչ, պարոն Դավթյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ նժարների ծանրութեթեւի հարց գոյություն ունի: Մենք գործ ունենք երկու երեւույթների հետ, եւ յուրաքանչյուրն իր ծնունդով եւ իր բնույթով կարծում եմ, որ տարբերվում է մյուսից»: Այսօր դժվար թե գտնվի մի օբյեկտ, մի ընկերություն, որտեղ հարկային, իրավապահ մարմինները «քրքրելուց» հետո որեւէ խախտում, որեւէ թերություն չգտնեն: Ուստի մենք Արտակ Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ ստուգումներ չեն լինում իշխանության կողքին կանգնած բիզնեսմենների ընկերություններում` ինչին պարոն Դավթյանը չհամաձայնեց. «Ես չեմ կիսում ձեր տեսակետը, բոլորի մոտ էլ ստուգումներ իրականացվում են` ստուգումների կազմակերպման եւ անցկացման օրենքի պահանջներին համապատասխան: Ի՞նչ գիտեք, որ ոչ մի խախտում չի գտնվում: Գիտեք, որ մի քանի օր առաջ «Նատալի ֆարմին» 50 մլն տուգանեցին, կամ նույն CPS-ին 100 մլն տուգանել է: Այն, ինչը որ կապված է որոշակի մարդկանց հետ, ովքեր այսօր համենայնդեպս իշխանական դաշտում չեն գործում, միանգամից տեղափոխում ենք քաղաքական հարթություն կամ իրենց քաղաքական հայացքները չկիսելու հետ կապված հարցապնդումներ ենք անում»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ «ԱՌԱՎՈՏ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը