ՀՀՇ-ն մազութի գումարները վերադարձրել է պետբյուջե (Տեսանյութ)


ՀՀՇ-ն մազութի գումարները վերադարձրել է պետբյուջե (Տեսանյութ)

  • 25-06-2012 18:07:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ի նախընտրական մարզային քարոզչության ժամանակ ընտրողներին հիշեցնում էր մազութի գործը` ասելով, թե «Մեր հետեւից ամեն ինչ ասել են: Ասել են՝ լույս ենք գողանում, մազութ, փող ենք գողանում, կոնյակի գործարան ենք գողանում: Բա ես կամ նախագահը կոնյակի գործարանը որ գողացած լինեինք, մենք այսօր միտինգի կարող էինք գալ ձեր մո՞տ»: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից փորձեց ստանալ այս հարցի պատասխանը. տրամաբանությունը հուշում է, որ եթե մազութը գողացել էին, մեղավորները ճաղերի ետեւում պիտի որ լինեին: Ունե՞ք պատասխան, եթե արել էին, ինչո՞ւ չեք բռնել` նա պատասխանեց. «Նախ, երբ ԱԺ-ում հանձնաժողով ձեւավորվեց , հանձնաժողովը մի շարք բացահայտումներ կատարեց եւ հիմա գումարները չեմ հիշում, բայց բավականին գումարներ պետբյուջե վերադարձվեցին: Հետո ես այդ ժամանակաշրջանը մազութի գործով չեմ քննադատում, այսինքն` կարելի էր ամեն ինչ անել, որ այդ ամեն ինչը մեղմ լիներ: Դրա համար: Թե չէ բնականաբարար, ամբողջ ճանապարհները փակված էին, մի տեղ կողոպտում էին մեր գնացքները, մի տեղ` մեր բեռնատարները, հացամթերքն էին կողոպտում»: Մենք հետաքրքրվեցինք` ՀՀՇի՞ կողմից էր կողոպտվում` պարոն Սահակյանը պատասխանեց, որ ՀՀՇ-ի չէ. «Դրսից բերելուց` Վրաստանում, տարբեր տեղերում, առաջին շրջանում` Ադրբեջանում: Կառավարման պրոցեսներում եւ ենթակառուցվածքների առումով քննադատում եմ, բայց որ ասեմ, թե ապազգային լարված իրավիճակով մարդիկ են եղել` ես դրա կողմնակիցը չեմ: Նրանք էլ են ուզեցել, որ շատ լավ բաներ անեն, պարզապես ինչ-որ բաներ ստացվել են, ինչ-որ բաներ չեն ստացվել»: Մենք հետաքրքրվեցինք` համատարած թալան ՀՀՇ-ի կողմից եղե՞լ է` նա պատասխանեց. «Համատարած թալանվում էր երկիրը ե’ւ ժողովրդի, ե’ւ մարդկանց: Հողը երբ սեփականաշնորհեցին, անմիջապես, ինչքան գյուղատնտեսական տեխնիկա կար` որպես երկաթ, լոմ վաճառվեց: Հոտերը կոլխոզների միանգամից մի ձմեռվա մեջ լրիվ գլխատվեց: 7000 հիմնարկ ձեռնարկություններ ունեինք, որ վաուչերի վերածվեցին ու միանգամից փակվեցին: Այստեղ կարելի էր համենայնդեպս ոչ թե հեղափոխական ճանապարհով գնալ, այլ կարելի էր լավ տնտեսվարողներ լինել: Բայց որովհետեւ իրենց մեջ էլ փորձառուներ չկային, ոչ թե չեն ուզեցել, այլ իրականությունը նա է, որ ունեինք 7000 հիմնարկ-ձեռնարկություններ, մինչեւ 94 թիվը ոչ մի հատ չունեցանք: Մեծ մասն էլ սկսեց հաստոցները թալանել ու վաճառել որպես երկաթ-լոմ: Ես արձանագրում եմ իրողությունը: Իհարկե, այդտեղ կարելի է մեղադրել վատ ղեկավարելու մեջ, բայց որ մարդիկ կարգազանցներ կամ ապազգային ուժեր են եղել` դրանում չեմ մեղադրում: Նորովի անկախություն է եղել, ամեն ինչը ցաքուցրիվ է եղել»: Մենք փորձեցինք հստակեցնել, փաստորեն «մազութի գործով» ճաղերի ետեւում չեն հայտնվել, բայց գումարային փոխհատուցո՞ւմ է եղել` պարոն Սահակյանը պատասխանեց. «ԱԺ համապատասխան ժամանակավոր հանձնաժողովը շատ դժվար էր մեծ բացահայտումներ արել, համենայնդեպս, բավականին գումարներ պետբյուջե վերադարձվեցին տարբեր անձանց կողմից»: Թե մասնավորապես ո՞ւմ կողմից են վերադարձվել գումարները` պարոն Սահակյանն ասաց, որ չի հիշում. «Համենայնդեպս գիտեմ, որ արդյունքներ տվեց»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ «Առավոտ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը