Հայաստանի բուհեր են ընդունվել 12 հազար 108 դիմորդ


Հայաստանի բուհեր են ընդունվել 12 հազար 108 դիմորդ

  • 18-07-2012 12:52:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թափուր տեղեր չկան միայն բժշկական համալսարանում Հունիսի 15-ին հրապարակվեցին այս տարվա բուհական ընդունելության արդյունքները՝ անվճար եւ վճարովի տեղերի համար: Դիմորդների խոսքով, եւ ընդհանուր միավորները նայելիս վստահ կարելի է ասել, որ այս տարի անցողիկ շեմը Երեւանի պետական համալսարանի, Տնտեսագիտական համալսարանի մի շարք մասնագիտությունների գծով շատ բարձր է: Օրինակ, ԵՊՀ-ի «Կառավարում» ֆակուլտետի անվճար բաժնի անցողիկը 59 միավորն է, իսկ վճարովին՝ 48.75, «Տնտեսագիտության տեսություն» բաժնում՝ 58 եւ համապատասխանաբար՝ 48.50 միավորները: Քաղաքագիտության դեպքում՝ 57,25, Հանրային կառավարման՝ 57.75: Կամ, ասենք, Բրյուսովի «Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն» ֆակուլտետի ֆրանսերեն բաժնի անվճար անցողիկը 59.75 միավոր է: Այսինքն՝ այս բաժիններում անվճար ընդունվելու հավանականությունը գրեթե նվազագույնի է հասնում: Իսկ, ասենք, «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» մասնագիտությունների դեպքում անվճար անցողիկ միավորը բավականին ցածր է՝ 25.50 եւ 34.25: Այնուամենայնիվ, ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ նշենք, որ այս տարի Հայաստանի բուհեր է ընդունվել 12 հազար 108 դիմորդ, որոնցից 10 հազար 470-ը` վճարովի, իսկ 1.638-ը` անվճար ուսուցման համակարգ: Այս օրերին, սակայն, ընթանում է լրացուցիչ ընդունելություն՝ թափուր մնացած տեղերի համար: Ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները մինչեւ հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կարող են հայտ ներկայացնել՝ մասնակցելու թափուր տեղերի մրցույթին: Ընդ որում, այդ մրցույթին կարող են մասնակցել նաեւ ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Այսինքն, եթե սկզբում դիմել են մի բուհ, ասենք՝ ԵՊՀ, ապա այս՝ լրացուցիչ փուլում ազատ կարող են արդեն դիմել մեկ այլ բուհ: Թափուր տեղեր են առաջացել ԵՊՀ մի շարք բաժիններում՝ քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, երկրաբանություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու եւ գրականություն, հունարեն լեզու, եկեղեցաբանություն մասնագիտությունների գծով: Թափուր տեղեր կան նաեւ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղում, Ճարտարագիտական համալսարանի մի շարք բաժիններում, նույն բուհի մարզային մասնաճյուղերում: Բազմաթիվ թափուր տեղեր կան նաեւ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզիկա, քիմիա, բնագիտություն մասնագիտությունների, ինչպես նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու եւ գրականություն մասնագիտությունների գծով: Նույն մասնագիտությունների գծով թափուր տեղեր կան Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Ուշագրավ է, որ եւ ԵՊՀ-ում, եւ Մանկավարժական համալսարանում, եւ Բրյուսովում ոչ մի թափուր տեղ չկա անգլերեն լեզվի գծով, ինչը վկայում է, որ դիմորդները համատարած, ուղղորդված ընտրում են անգլերենը, իսկ մյուս լեզուները մղվել են երկրորդ պլան: Բազմաթիվ թափուր տեղեր կան մի շարք մասնավոր բուհերում եւ երեւանյան բուհերի մարզային մասնաճյուղերում: Նշենք, որ թափուր տեղեր չկան միայն Հերացու անվան բժշկական համալսարանում, այստեղ անցողիկ միավորները համեմատաբար ցածր են եղել: Օրինակ, «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» մասնագիտություննների դեպքում անվճար անցողիկը 37.50 եւ 38 միավորներն են եղել: Ավելացնենք նաեւ, որ այս տարի, նախորդ տարվա հետ համեմատած, չկա մի այնպիսի ֆակուլտետ կամ բաժին, որը դիմորդ չունենար: Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ընդամենը 1200 դիմորդ կար, մի շարք բուհերի մի շատ բաժիններ հայտնվել էին փակվելու վտանգի առաջ, քանի որ ոչ մի դիմորդ չունեին. հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չէին տվել: ԳԹԿ-ից տեղեկացանք, որ այդպիսի «անդիմորդ» որոշ բաժիններ կան միայն մի քանի մասնավոր բուհերում: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնավոր բուհեր ընդունվելու համար նույնպես դիմորդները քննությունները հանձնում են միասնական կարգով: Թափուր տեղերի համար դիմորդների ներկայացրած հայտերը կամփոփվեն հուլիսի 25-ից հետո: Այսինքն՝ մինչեւ ամսվա վերջ պարզ կդառնան այս տարի բուհ ընդունվածների ընդհանուր թիվը եւ պատկերը: ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ՀՐԱՊԱՐԱԿ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը