Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ


Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ

  • 16-03-2011 13:33:33   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետությունում առկա Համաքաղաքացիական շարժումը պետք է միավորի քաղաքացիական, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին, կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին եւ անհատներին, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, անկախության, ազատության եւ իրավահավասարության: Համաքաղաքացիական շարժումը պետք է ունենա բացառապես մի օրակարգ` քաղաքական համակարգի եւ քաղաքական վերնախավի փոփոխությունը, որի նպատակը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումն է,այսինքն` ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության հիմնումը, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա է միակ նպատակը, որ համախմբում է Շարժման մեջ ընդգրկված բոլոր միավորներին` անկախ քաղաքական, տնտեսական, հասարակական եւ այլ հարցերի վերաբերյալ ունեցած իրենց համոզմունքներից: Սահմանադրական կարգի հաստատումով միայն հնարավոր կդառնա ձեւավորել քաղաքական ազատ ու մրցակցային դաշտ, որտեղ եւ կբարձրացվեն ու կլուծվեն այս հարցերը: Օրակարգի եւ նպատակի որեւէ փոփոխություն անխուսափելիորեն բերում է Շարժման ներսում համախմբվածության թուլացում ու ներուժի նվազեցում: Ըստ այդմ, համոզված ենք, որ. Համաքաղաքացիական շարժումը չի կարող ունենալ անձնիշխանական բնույթ: Շարժման մեջ ընդգրկված եւ Շարժմանը հարող բոլոր միավորները միմյանց հետ պետք է հարաբերվեն` ելնելով ժողովրդավարական սկզբունքներից: Եվ ինչպես Շարժումն ամբողջությամբ, այնպես էլ նրա բոլոր միավորներն առանձին-առանձին պետք է լինեն ժողովրդավարական ոչ միայն նպատակադրումներով եւ գաղափարներով, այլեւ ներքին կառուցվածքով, բնույթով, գործողություններով` բոլոր օղակներում: Սա կդառնա Ազատ ու Անկախ Հայաստանում հասարակական-քաղաքական ապագա հարաբերությունների եւ զարգացումների երաշխիքը: Ելնելով վերոնշյալից` կարեւորում ենք. Ա. Շարժման մեջ ընդգրկված բոլոր քաղաքացիների պատասխանատվության գործոնը հավասարապես: Իշխանությունն իրեն պատկանելու զգացողությունը յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետք է առաջացնի սեփական խոսքի արժեքի գիտակցություն եւ այդ խոսքի նկատմամբ բարձրագույն պատասխանատվություն: Իսկ դա ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի անհատապես պատասխանատու է ինչպես սեփական, այնպես էլ հանուրի գործողությունների եւ անգործության համար, որոշումների ընդունման կամ դրանց մերժման համար, Շարժման ընթացքի եւ գործունեության արդյունքների համար, ինչպես սեփական, այնպես էլ հանուրի Ընտրության իրավունքի համար: Բ. Խոսքի եւ գործի, հայտարարած նպատակի եւ գործունեության արդյունքների նույնականությունը: Շարժման իմիտացիայի ցանկացած դրսեւորում պետք է բացառվի: Գ. Շարժման միակ օրակարգի անվերապահ գերակայությունը: Ցանկացած տիպի հավակնություն` լինի կուսակցական, խմբական, թիմային թե անձնական, միանշանակ պետք է ստորադասվի հիմնական նպատակին: Վերոնշյալ դրույթները կիսող անձանց հրավիրում ենք ստորագրել Հայտարարության օնլայն տարբերակի ներքո` http://www.ipetitions.com/petition/havasarner/: Հավասարների հավաք havasarner@gmail.com
Նոյյան տապան  -   Հայտարարություններ