Ժողովրդական հանդիպում՝ Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամավորական ժողովի Սարդարապատ քաղաքամասի պատգամավորության թեկնածուների հետ


Ժողովրդական հանդիպում՝ Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամավորական ժողովի Սարդարապատ քաղաքամասի պատգամավորության թեկնածուների հետ

  • 12-11-2012 11:03:16   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Նոյեմբերի 10-ի երեկոյեան Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովի նոյն քաղաքամասի պատգամաւորութեան թեկնածուների հետ: Հանդիպմանը բեմ հրաւիրւեցին քաղաքամասի պատգամաւորութեան թեկնածուներ՝ Գուրգէն Քարամեանը, Ժոռէս Գրիգորեանը եւ Էդւարդ Աբրահամեանը, որոնցից առաջին երկուսը 14-րդ Պատգամաւորական ժողովի անդամներ են եղել, իսկ վերջինս մի քանի շրջան եղել է Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհրդի անդամ եւ առաջին անգամ է ներկայացնում իր թեկնածութիւնը՝ Պատգ. ժողովում: Թեկնածուներն իրենց ներկայացնելով՝ յոյս յայտնեցին, որ ընտրւելու դէպքում, ժողովրդի զօրակցութեամբ, կարողանան քաղաքամասի ցանկութիւնների թարգմանը հանդիսանալ Պատգ. ժողովում եւ բարւոք լուծում տալ քաղաքամասի խնդիրներին: Յաջորդաբար՝ արտայայտւեցին քաղաքամասում գործող՝ «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնների նախագահներ՝ Մուշեղ Ծատուրեանը եւ Ժանետ Բալասանեանը, որոնք իրենց խօսքում կարեւորեցին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնն ընտրութիւններին եւ պատգամաւորներին սատար հանդիսանալը, որպէսզի նրանք կարողանան աւելի դիւրին եւ հզօր կերպով համայնքի հարցերը բարձրաձայնել Պատգ. ժողովում եւ ազգանպաստ ծառայութիւններ մատուցել: Գնահատանքի խօսք ասւեց քաղաքամասի մի քանի շրջանների պատգամաւոր Ռազմիկ Այդինեանին՝ քաղաքամասին մատուցած ծառայութիւնների համար, որն իր 15-րդ շրջանի պատգամաւորութեան թեկնածութիւնը ներկայացրել է Զէյթուն քաղաքամասից: Ծրագրի յաջորդ բաժնում քաղաքամասի բնակիչ պատանի Քեւին Նազարեանն ասմունքեց Պարոյր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծութիւնը եւ «31+1 լցրած ատամ» խմբի անդամներ՝ Արէն Սաֆարեանը, Համլետ Գալստեանը, Նարբէյ Նազարեանը եւ Քաջունի Արզումանեանը, Սեդրակ Գոջամանեանի ղեկավարութեամբ, համայնքի իրականութիւնները ներկայացնող եւ մասնաւորաբար Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին վերաբերող կոմիքսներով զւարճութիւն պատճառեցին ներկաներին: «ԱԼԻՔ»
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը