«Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում» խորագրով քննարկում


«Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում» խորագրով քննարկում

  • 07-12-2012 11:00:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Դեկտեմբերի 7-ի, ժամը՝ 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում  տեղի է ունենում քննարկում։ 


 
Թեման՝ «Հասարակական կազմակերպությունները պահանջում են արդարադատության մատչելիության ապահովում»։   
 
Մասնակիցներ.
ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյան
ՀՀ Պետական իրավական  կառույցների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 
 
Քննարկումը վարում է  փ.գ.թ. «Նոյյան Տապան» հոլդինգի տնօրեն՝ Տիգրան Հարությունյանը։
 
Թեմայի վերաբերյալ. 
  
Սույն հիմնախնդիրը հուզում է ոչ միայն Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին, այլ նաև քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք զբաղվում են հանրային շահերի պաշտպանությամբ:
«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) և ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարությունների օրենսգրքերում առկա են մի շարք թերություններ և օրենսդրական կարգավորման ենթակա հարցեր, որոնք վերաբերում են հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու իրավունքներին: Ազգային օրենսդրությամբ բացակայում են հասարակական կազմակերպությունների կողմից իրենց շահառուների (այլոց) իրավունքների ու հանրային շահերի դատական պաշտպանության իրականացման մեխանիզմները: Օրենքով սահմանվել է միայն հասարակական կազմակերպության կողմից իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը  դատարանում ներկայացնելու ու պաշտպանելու իրավունքը, իսկ իր շահառուներին դատարաններում ներկայացնելու և/կամ նրանց շահերը դատական կարգով պաշտպանելու, ինչպես նաև հանրային բնույթի վարչական ակտերը դատական կարգով բողոքարկելու իրավունքների վերաբերյալ` որևէ դրույթ սահմանված չէ:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով հստակ տրված է «հասարակական կազմակերպության» հասկացությունը, այն է «Հաuարակական կազմակերպությունը շահույթ uտանալու նպատակ չհետապնդող եւ uտացված շահույթը մաuնակիցների միջեւ չբաշխող (ոչ առեւտրային) կազմակերպության` հաuարակական միավորման, տեuակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, oրենքով uահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` ՀՀ քաղաքացիները, oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգեւոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքները եւ շահերը պաշտպանելու, հաuարակությանը, նրա առանձին խմբերին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրoգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով (ընդգծումը հեղինակինն է):
Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդ. 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջը չի ապահովում նորմի արդարացի հավասարակշռության, որոշակիության, իրավահավասարության և իրավունքի գերակայության իրավական սկզբունքների պայմանները: Այս դրույթը լրամշակման կարիք ունի և պետք է համապատասխանեցվի ոչ միայն Օրենքի 3-րդ հոդվածից բխող պահանջին, այլ նաև ՀՀ սահմանադրության 3-րդ, 18-րդ, 42-րդ և 42.1-րդ հոդվածների պահանջներին:
Ազգային օրենսդրությամբ կարգավորված չէ նաև հասարակական կազմակերպությունների կողմից հանրային բնույթի, նորմատիվ իրավական (վարչական) ակտերը դատական կարգով վիճարկելու հարցը, ինչի արդյունքում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 6-րդ կետի , ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ բաժնում սահմանված դրույթների  պահանջները դե ֆակտո կրում են ձևական բնույթ (Օրինակ` կենսաթոշակառուների իրավունքների պաշտպանությամբ` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Թեղուտի անտառի և Դելֆինարիումի գործերով բնապահպանական հասարակական կազմակերպությունները, Ուսանողական այգու գործով` անհատները դատարանների վճիռներով պատշաճ հայցվորներ չեն համարվել և նրանց հայցադիմումները մերժվել են հենց այդ հիմքով):
Վերը նշված հիմքով մերժվել է նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշյալ որոշմամբ համայնքի ավագանին իր համաձայնությունն էր տվել Վանաձորի համայնքի սեփականություն հանդիսացող Տարոն-3, ՔՇՀ-11 հասցեում գտնվող կիսակառույց ենթակայանը, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանի էլեկտրական ցանցերին այն ավարտին հասցնելու, կահավորելու և նորաստեղծ թաղամասի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:  
Հենց այս գործով ՀՀ Սահմանադրական դատարանն իր 07.09.2010թ. (ՍԴՈ-906) որոշմամբ հայտնել է հետևյալ դիրքորոշումը` հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների դերը պետության և քաղաքացիական հասարակության կյանքում, առաջնորդվելով վերջիններիս գործունեության արդյունավետության բարձրացման նկատառումներով` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) հասարակական կազմակերպությունների համար, որպես իրավաբանական անձ, կարող է սահմանել տվյալ ոլորտում անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը` հաշվի առնելով actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները: Նման իրավակարգավորումը կնպաստեր ոչ միայն խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, այդ թվում դատական պաշտպանության արդյունավետությանը, այլև կբարձրացներ քաղաքացիական հասարակության բաղադրատարր հանդիսացող` հասարակական կազմակերպությունների դերը: Ընդ որում, ուրիշի խախտված իրավունքների համար դատարան կամ այլ մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմելու իրավունքի իրացման դեպքերը և կարգը սահմանելիս հարկ կլինի հաշվի առնել միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց նպատակներից են կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը>>: Միաժամանակ, սահմանադրական դատարանը նման ուսումնասիրության արդյունքներով արձանագրում է, որ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը»: Վերջինս դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող և օրենքով սահմանված կարգով գործունեություն իրականացնող այլ միավորումների հնարավորություն է ընձեռվում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակում է: Այսպիսի դիրքորոշում է ըստ էության արտահայտված նաև Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սույն գործով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետևաբար, օգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից»:
Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշման հիման վրա մինչև օրս օրենսդիրը բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրին առնչվող հարցերով և հանրային բնույթի վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու նորմ օրենսդրորեն չի սահմանել, ինչի բացակայության արդյունքում այդ ոլորտի կազմակերպությունները զրկված են դատական պաշտպանության իրավունքից` արդարադատության մատչելիությունից:
Այսպիսով, առաջարկվող օրենսդրական բարեփոխման արդյունքում ՀՀ-ում կապահովվի արդարադատության մատչելիությունը յուրաքանչյուր սուբյեկտի համար, մասնավորապես իրավական լուծում կտրվի իրավապաշտպան և բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու բազմաչարչար հարցին:
 
Մաս 1
Մաս 2


Նոյյան տապան  -   Մամուլի սրահ