Հայերեն «ողջույնը» տիեզերքից. Ջեյմս Բաղյան


Հայերեն «ողջույնը» տիեզերքից. Ջեյմս Բաղյան

  • 23-01-2013 00:02:58   | ԱՄՆ  |  Նշանավոր հայեր

 

Շատերին է հայտնի, որ աշխարհի առայժմ միակ հայազգի տիեզերագնացն ամերիկացի Ջեյմս Բաղյանն է։ Նախապես բժիշկ-ինժեներ եւ մարզիկ-օդաչու, ներկայումս «Վետերանների առողջության ադմինիստրացիայի» խնամյալների ապահովության ազգային կենտրոնի նախագահ Բաղյանը թեեւ հատուկ կապեր չունի հայության հետ, սակայն իր ազգանվան «յան»-ով հպարտության առիթ է տալիս իր աշխարհացրիվ հայրենակիցներին։
 
Նրա մասին առաջին անգամ հայ հասարակությունը տեղեկացել է 1981 թվականին։ Խորհրդային եւ ամերիկյան կառավարությունները, չնայած «սառը պատերազմի» ժամանակաշրջանին, քննարկել են համատեղ տիեզերական թռիչք իրականացնելու հնարավորությունը՝ որպես բարի կամքի դրսեւորում։ Խորհրդային կողմից թեկնածու է եղել մոսկվաբնակ 29-ամյա հայորդի, ծնունդով աշտարակցի Վլադիմիր Գեւորգյանը, իսկ ամերիկյան կողմից՝ 29-ամյա ֆիլադելֆիացի Ջեյմս Բաղյանը։ Այս լուրին որպես արձագանք Ամերիկայում լույս տեսնող «Արմինիըն օբզերվըր» պարբերականը կես-կատակ հարց է տվել, թե Գեւորգյանն ու Բաղյանն արդյոք «միմյանց հետ հայերե՞ն պիտի խոսեն տիեզերքում»։ Ցավոք, այս ծրագիրը այդպես էլ մնացել է չիրականացված։ Վլադիմիր Գեւորգյանին, չնայած տիեզերագնաց-փորձարկուի որակավորմանը, այդպես էլ խորհրդային իշխանությունները տիեզերական թռիչքի հնարավորություն չտվեցին (Գեւորգյանը վախճանվեց 2008-ին, ընդամենը 56 տարեկան հասակում)։ Ավելի հաջողակ եղավ նրա հասակակից հայրենակցի հետագա ճակատագիրը։ Ջեյմս Բաղյանը, որը ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է եղել 1980 թվականից, իր վրա երկրորդ անգամ հայության ուշադրությունը գրավեց 1986-ին`՝ ընդգրկվելով «Չելենջեր» աստղանավի անձնակազմում։ Սակայն, ի վերջո, Բաղյանը չմասնակցեց թռիչքին. բարեբախտաբար, քանի որ, ինչպես հայտնի է, «Չելենջեր» աստղանավը դիտողների աչքի առաջ թռիչքի երկրորդ րոպեին իսկ աղետի ենթարկվեց: Բաղյանի՝ «Չելենջերից» դուրս մնալու փաստը շատ հայերի հիշեցրեց, որ այնքան էլ ճիշտ չէ հայի անբախտ լինելու մասին տարածված խոսք-կատակը։
 
Եվ վերջապես հայությունը եւ համայն աշխարհը Ջեյմս Բաղյանին ճանաչեց 1989-ին՝ նրա կատարած թռիչքի շնորհիվ։ Այս թվականի մարտի 13-18-ին Բաղյանը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել «Սփեյս Շաթլ» ծրագրի «Դիսքավերի» տիեզերանավով: Թռիչքը տեւել է չորս օր, 23 ժամ, 38 րոպե: Հայաստանի վրայով թռչելիս արտասանել է «ողջույն» եւ «խաղաղություն» հայերեն բառերը: Այդ օրերին համայն հայությունն ապրում էր Արցախի ազատագրության հույսերով, ուստիեւ հայրենակցի՝ տիեզերքում հայտնվելու փաստը նրան նոր լիցքեր հաղորդեց։ Դրան ավելացավ նաեւ այդ օրերին ԱՄՆ-ում Բաղյանին հանդիպած լրագրող Զորի Բալայանի հայտնած տեղեկությունը այն մասին, որ տիեզերագնացն ունի արցախյան արմատներ։
 
Իսկապես, Ջեյմս Բաղյանի պապը՝ Գեւորգ Բաղյանը, եղել է ղարաբաղցի: Հայրը՝ Ֆիլիպ Բաղյանը, եղել է օդաչու, կապիտան, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ արժանացել «Արծաթե խաչ» շքանշանին: Նրա որդի Ջեյմսը (ծնված ամերիկուհի Ռոզ մորից) ծնվել է 1952-ի փետրվարի 25-ին, Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա)։ Հաճախել է ծննդավայրի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ Չափազանց աշխատասեր, բազմաթիվ հետաքրքրությունների եւ հմտությունների տեր Ջեյմսը 1970-ին ընդունվել է Ֆիլադելֆիայի բժշկական քոլեջ, միաժամանակ օդաչուական դպրոցում մարզվել է հոր մոտ: 1969–1973 թթ. Ջեյմս Բաղյանն ուսանել է Դրեքսել համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում, այնուհետեւ որպես ինժեներ աշխատել Բրիսթոլ քաղաքի «3M» գործարանում։ Կրթությունը շարունակել է Թոմաս Ջեֆերսոն համալսարանում։ 1977-ին արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչման։ 1974–1978 թթ. Բաղյանը մասնակցել է բազմաթիվ օդային մրցումների՝ արժանանալով մրցանակների եւ մարզական կոչումների: 1976–1978 թթ. նա եղել է Մերիլենդ նահանգում գտնվող ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի ինժեներ-մեխանիկը։ 1978-ից որպես վիրաբույժ եւ բժիշկ հետազոտող Բաղյանն աշխատել է «Լեոնիդ Ջելսոն» բժշկական կենտրոնում, միաժամանակ սովորել Թեքսասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության եւ ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։ 1980-ի հուլիսից աշխատանքի է անցել Հյուսթոնի (Թեքսաս) տիեզերական տարածության կառավարման եւ հետազոտման ազգային վարչությունում (ՆԱՍԱ): 1986-ին ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, 1987-ին՝ տիեզերանավի բժշկի վկայականներ։
 
Ջեյմս Բաղյանը երկրորդ անգամ տիեզերք թռիչք է իրականացրել 1991 թվականի հունիսի 5-ին, «Քոլամբիա STS-40» տիեզերանավով՝ տիեզերքում մնալով 9 օր։ Ընդհանուր առումով, հայազգի աստղանավորդը տիեզերքում անց է կացրել 14,08 օր։
 
Նա հեղինակ է մի շարք ինժեներական գյուտերի եւ գիտական աշխատություների, որ վերաբերում են մարդկային գործոններին, շրջակա միջավայրին եւ տիեզերանավերում կիրառվող բժշկությանը։ Տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման եւ տիեզերք կատարած թռիչքների համար արժանացել է ՆԱՍԱ-ի մրցանակներով։ Ջեյմս Բաղյանն անդամակցել է մի շարք ամերիկյան կազմակերպությունների, այդ թվում Տիեզերական բժշկության, ՆԱՍԱ-ի օդաչու վիրաբույժների, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միությունները, «Ալֆա եւ օմեգա» ընկերությունը եւ այլն։ Նա արժանացել է նաեւ ՆԱՍԱ-ի մեդալին, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային դաշնության տիեզերագնացի դիպլոմին եւ այլն։
 
Ջեյմս Բաղյանը ՆԱՍԱ-ում է մնացել մինչեւ 1995-ը։ Այժմ նա զբաղվում է պրոֆեսիոնալ բիոբժշկական հետազոտություներով։ Նա ամուսնացած է Թենդի Բեսոնի հետ, չորս զավակների հայր է։ Սիրում է հեծանիվ վարել, հետիոտն տուրիզմը, լեռնագնացությունը, լողը, թռչող մարզաձեւերը, ինչպես նաեւ ավտոմեքենաներ վերակերտելը։ Բաղյանը Դեթրոյթի Գիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 
 
Արծվի Բախչինյան 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր