Միջոցառումներ Բրազիլիայում՝ նվիվրած Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին


Միջոցառումներ Բրազիլիայում՝ նվիվրած Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին

  • 27-04-2013 16:41:26   | Բրազիլիա  |  Քաղաքական

         Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։

         Հաջորդ օրը Սան Պաուլոյի Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն և սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պատարագին մասնակցեցին բրազիլահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, համայնքային միությունների և կազմակերպությունների ղեկավարներ և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Պատարագից հետո «Դուրյան» ազգային վարժարանի մի խումբ աշակերտներ հանդես եկան թատերականացված ծրագրով։
 
         Սուրբ Պատարագի արարողություններ տեղի ունեցան նաև նույն՝ «Արմենիա» հրապարակի վրա գտնվող Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներում, որոնցից հետո հայկական երեք եկեղեցիների պատարագների մասնակիցները ուղևորվեցին դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ կատարվեց ծաղկեպսակների տեղադրման արարողություն։
 
          Ապրիլի 24-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին։ Նիստին, որը նախագահում էր նահանգային պատգամավոր Էդսոն Ֆեռռարինին, ներկա էին դաշնային և նահանգային խորհրդարանների անդամներ, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, բրազիլահայ բոլոր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցական երեք հարանվանությունների ղեկավարներ։
 
         Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստի ընթացքում ելույթներով հանդես եկած բոլոր օրենսդիրներն առանձնակի ընդգծեցին Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական