Մրցել են Երեւանի երկու լավագույն կրթօջախները


Մրցել են Երեւանի երկու լավագույն կրթօջախները

  • 11-05-2011 19:34:28   | Հայաստան  |  Սպորտ
Օրերս «Շիրակացու օրեր» փառատոնի շրջանակներում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզադահլիճում Անանիա Շիրակացու անվան ճեմարանի եւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բասկետբոլի հավաքական թիմերի միջեւ կայացավ ընկերական հանդիպում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ճեմարանականներին ողջունեց գեղեցիկ կազմակերպված միջոցառմամբ, որից հետո կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը անձամբ դիմավորեց եւ ողջունեց ճեմարանականներին, սաների հետ շրջեց եւ ծանոթացրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ: Մրցումների ժամանակ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի բասկետբոլի տղաների հավաքականը ցուցաբերեց բարձր ֆիզիկական պատրաստվածություն, կամային լավ որակներ, ընկերասիրություն, հարգալից վերաբերմունք հակառակորդի հանդեպ եւ եւ հաղթանակ տոնեց: Աղջիկների հավաքականը, չնայած համառ պայքարին, զիջեց ուժեղ մրցակից: «Արտաուսումնական պարապմունքները շատ կարեւոր նշանակություն ունեն սաների ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու եւ հետաքրքրություն առաջացնելու տարբեր մարզաձեւերի հանդեպ: Ճեմարանում գործում է բասկետբոլի սիրողական հավաքական թիմ, որը հաճախ մասնակցում է մրցումների տարբեր կամավոր մարզական ընկերությունների, բուհերի , Հայաստանի հավաքական թիմերի հետ եւ ունի մեծ հաջողություններ: Արտաուսումնական պարապմունքները նպաստում են նաեւ առողջության ամրապնդմանը, շարժողական ակտիվության բարձրացմանը, ուսումնական գործընթացում մտավոր հոգնածության վերականգնմանը»,- ՆՏ-ի թղթակցին ասաց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուսաննա Հովեյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ