ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ


ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ

  • 26-06-2013 11:05:45   | ԱՄԷ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած  պատվիրակությունն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Հորդանանի  Հաշիմյան Թագավորության  Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի Հետ: Կողմերը քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների, մասնավորապես հումանիտար համագործակցության ոլորտում զարգացման հեռանկարները: Նախարար Աշոտյանը Սենատի նախագահին տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ, միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի  կողմից պատմությունը կեղծելու փորձերը: Նախարարը Տահեր ալ Մասրիին փոխանցել է գրականություն ԼՂՀ հիմնահարցի, Սումգայիթի և Խոջալուի դեպքերի մասին: Ընդգծելով, որ ԼՂՀ հիմնահարցը չունի կրոնական որևէ դրդապատճառ և դրսևորում, նախարարը ափսոսանք է հայտնել, որ Իսլամական կոնֆերանսի շրջանակում Ադրբեջանը խեղաթյուրում է հիմնահարցի էությունը՝ փորձելով կրոնական երանգներ հաղորդել ԼՂՀ հիմնահարցին: Ա. Աշոտյանը ընդգծել է, որ դարեր ի վեր Հայաստանը  շրջապատված  է եղել իսլամական երկրներով և Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր մեր հայրենակիցներ իրենց երկրորդ հայրենիքն են գտել արաբական երկրներում, այդ թվում նաև Հորդանանում: Կանգ առնելով ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորման վրա՝  նախարար Աշոտյանն ընդգծել է, որ միևնույն ժողովուրդներն առանձին պետություն ստեղծելու և ինքնորոշվելու բազմաթիվ օրինակներ ունեն, մասնավորապես մարդկային քաղաքակրթության զարգացման մեջ հսկայական ներդրում ունեցած արաբները հիմնադրել են տասնյակից ավելի արաբական պետություններ: 
Հանդիպման ընթացքում կարևորվել է կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժշտությունը: Հայկական պատվիրակությունը նշել է, որ խաղաղության պահապանը տարածաշրջանում ուժեղագույն ճանաչված հայկական բանակն է:
Կողմերը կարևորել են նաև հայ-հորդանանյան հարաբերությունների զարգացման համար միջխորհրդարանական կապերի անհրաժեշտությունը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ