20 համարի ավտոբուսի վարորդի տարօրինակ պահվածքը.Գևորգ Ներսիսյան


20 համարի ավտոբուսի վարորդի տարօրինակ պահվածքը.Գևորգ Ներսիսյան

  • 06-02-2014 17:27:12   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով
Գևորգ Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է մի դեպքի մասին, որը մտորելու տեղիք  է տալիս.
 
Այսօր  զավեշտալի դեպքի բախվեցի: 20 համարի երթուղու ավտոբուսի վարորդը (չգիտեմ անուն ազգանունը) բավական անհավասարակշիռ ու ոչ պարկեշտ վերաբերմունք դրսևորեց թե' ավտոբուսի ներսում գտնվող, թե’ կանգառում սպասող ուղևորների, թե’ իմ նկատմամբ: Իսկ թե ինչու՞ եմ ինձ առանձնացնում, որովհետև ես ո’չ դրսում էի, ո’չ էլ ներսում...

Երիտասարդական մետրոյի կանգառում վարորդը հրաժարվում էր բացել առջևի դուռը, որտեղ մոտ 2մ2 մակերեսով ազատ տարածք կար կանգնելու համար: Բոլոր պնդումներին, որպեսզի դուռը բացի, վարորդը հրաժարվում էր ու անպարկեշտ խոսքերով ինչոր ժեստերով հասկացնում ետևի դռնից բարձրանալ:

Տեսնելով այս երևույթը` դիմացի ապակուց հարցրեցի. – «Կարո՞ղ ա սեփականաշնորհել ես, հարգելի'ս»: Իսկ ետևի դռնից ուղևորները արդեն կախված էին ու խտացման պրոցեսի մեջ էին: Մոտ 5 հոգի, այդ թվում մոտ 80 տարեկան մի կին, այդպես էլ չկարողացան բարձրանալ ավտոբուս ու մնացին կանգառում:

Ինչ վերաբերում է ինձ, վերհիշեցի երիտասարդ տարիների հնգամարտի ունակություններս և մութ ու ցուրտ տարիներին տրանսպորտից օգտվելու փորձս: Օգտագործելով առջևի դռան գործարանային խաղը (люфт). այն ձեռքի ափով հրեցի դեպի ներս, որն ինձ հնարավություն տվեց հասնել դռան ձողին: Այսպես մի ձեռքով ձողից բռնված և մի ոտքով հարթակին կանգնած (6-7սմ տարածքի վրա) կախվեցի ու պահանջեցի դուռը բացել: Նույնիսկ ստեղծված իրավիճակը չհուշեց այս տհաս վարորդին, որպեսզի դուռը բացի կամ գոնե մեքենան չվարի: Ավելին, այդպես կախված վիճակում ավտոբուսը տեղից պոկեց, հասավ Աբովյան-Կորյուն խաչմերուկ, կանգնեց կարմիր լույսի տակ, այնուհետև անցավ Բժշկական ինստիտուտի դիմացի կանգառ ու դարձյալ դուռը չէր բացում: Միայն ուղևորներից մեկի պահանջով դուռը վերջապես բացվեց, որովհետև վերջինս ցանկանում էր իջնել: Բայց իմ կարծիքով աղջիկը այնքան էր վախեցած այդ տեսարանից (քանի որ հուզված էր), որ ստիպված էր իջնել:

Սակայն սա դեռ ամենը չէ. Բժշկական ինստիտուտի կանգառում վարորդը անընդհատ փորձում էր վեճի բռնվել: Այսքանից հետո, ուրիշը լիներ գլուխը կջարդեր, բայց զսպելով ինքս ինձ ու հասկանալով, որ դեռ պիտի մեքենան վարի, հանդես էի գալիս հանգստացնողի դերում, նույնիսկ առաջարկեցի հաշտվել: Սակայն էս տհասին թվաց, թե դրության տերն է ու կարող է պահանջել ինձանից լքել աոտոբուսը` սպառնալով հակառակ դեպքում մեքենան չվարել: Իհարկե այս հայտարարությունը որոշ խառնաշփոթ առաջացրեց ստրկամիտների շրջանակում, բայց լավ էր` գտնվեցին նաև ինքնասիրություն ու սկզբմունքայնություն գիտակցողներ (փառք Աստծո դեռ այդպիսիք կան մեր հասարակության մեջ) և ի զորու են լռեցնել ստրկամիտներին:

Երևույթը շարունակվեց 15-20 րոպե. մեքենայի շարժիչն ու սալոնի լույսերն անջատեց, տեղից վեր կացավ ու հայտարարեց. – «Ժողովու'րդ, չեմ քշում, իջեք»: Ի զարմանս ինձ, էս «ժողովուրդը» հեզ ու խոնարհ սկսեց իջնել ավտոբուսից, էլ ավելի զարմացա, երբ 100 դրամն էլ վճարում էին: Թվում էր, թե անելանելի դրության մեջ եմ հայտնվել ու ստիպված պիտի զիջեմ սկզբունքներս, որպեսզի թեկուզ ստրկամիտ բայց իմ ժողովուրդն ա, հասնեն իրենց տները: Բայց...

Հանկարծ նկատեցի հայելու կողքին գրված դիսպետչերի հեռախոսահամարը: Սկսեցի հեռաձայնել: «ժողովուրդը» շարունակում էր իջնել, սակայն վարորդը կարծես խելքի եկավ` միացրեց լույսերն ու շարժիչը: Այդժամ բոլորին թվաց, թե շարունակում ենք ճանապարհը ու արդեն իջած ուղևորները սկսեցին վեր բարձրանալ: Իմ հարցին` «Գնում ե՞ս, եթե գնում ես, էլ չզանգեմ»: Հետադարձեց. «Ում ուզում ես զանգի մեկ ա չեմ քշելու, դու’ պետք ա իջնես...», ու դարձյալ անջատեց շարժիչն ու լույսերը: Ուշագրավն այն էր, որ «ժողովուրդը» նորից սկսեց իջնել...:

Հեռաձայնեցի դիսպետչերին. երկու խոսքով ներկայացրեցի իրավիճակը, այնուհետև հեռախոսը փոխանցեցի վարորդին, ով էլ դիսպետչերի հրահանգին հլու-հնազանդ, մարդկանց բարով-խերով բերեց-հասցրեց իրենց տները:

Լավ հիմա մտածում եմ. բա որ իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ` նման սկզբմունքայնություն ցուցաբերեր, բայց չունենար նման ֆիզիկական պատրաստվածություն` ոտքը սայթաքեր, կամ վախից ձեռքը բաց թողներ..., ի՞նչ կլիներ, թերևս թողնում եմ «Աստված ոչ անի»-ի հույսին: Իմ մտքով էլ չէր անցնում, որ նման իրավիճակում այս տհասը կարող էր վարել ավտոբուսը ու եթե չլիներ կարմիր լույսը, հավանաբար մինչև Բժշկական ինստիտուտի կանգառ 60կմ/ժ արագություն կզարգացներ, հավանաբար բախտս էլ բերեց` հուզված ուղևորուհու պահով, գուցե այդ կանգառում էլ չկանգներ, ու մինչև Ավան հաստատ կախված պիտի երթևեկեի:

Կարծում եմ այս փաստը ֆիքսել են Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղակայված երթևեկության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսախցիկները: Եվ հույս ունեմ, որ այս լուսաբանումը համապատասխան արձագանք կստանա պատկան մարմինների կողմից: Նման վարորդների առկայությունը հասարակական տրանսպորտի համակարգում պարզապես պետք է բացառել և խստագույնս պատժել նման իրավիճակների դեպքում: 

(c) Էս ժողովրդի վիճակը` հե’չ ԺՈՂՈՎՐԴԻ վիճակ չի...
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով