Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում


Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

  • 29-04-2014 17:13:34   | Արգենտինա  |  Քաղաքական

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների, Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Այնուհետև Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինացի դիվանագետ, իրավագետ Լեանդրո Դեսպուին, ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով և թուրք լրագրող, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ Ռագիփ Զարաքոլուն: Ելույթներում նշվեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նման ոճրագործությունների կանխման նպատակով: Թուրքիայի կառավարությանը կոչ ուղղվեց վերջ դնել ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ցեղասպանությունը, քանզի վաղ թե ուշ սեփական պատմության առջև առերեսումն անխուսափելի է: Դեսպան Մելիքյանն, անդրադարձ կատարելով ցեղասպանության պատմական, իրավական, քաղաքական և բարոյական կողմերին, ինչպես նաև բարձր գնահատելով Արգենտինայի հանձնառությունն ու հավատարմությունը համամարդկային արժեքներին, նշեց. «Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր հետագայում դարձան այս երկրի արժանի քաղաքացիները, իսկ այսօր արդեն իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։ 2006 թվականին օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն մարդասիրական և բարոյական քայլ էր Արգենտինայի կողմից, այլ առաջին հերթին փաստում էր Արգենտինայի ժողովրդի և իշխանությունների անկոտրում հանձնառությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին, այլատյացության և անհանդուրժողականության մերժմանը, արդարության և ճշմարտության վերականգնմանը: Ցեղասպանությունների կանխարգելման և ապագա սերունդների մեջ համամարդկային արժեքների արմատավորման կամքի արտահայտումն է նաև Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից վերջերս ընդունած հայտարարությունը, որով ապրիլի 24-ը հռչակվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» և որպես հիշատակի օր պետք է ընդգրկվի Բուենոս Այրեսի դպրոցների կրթական ծրագրում»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից ձեռնարկին ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play