«Խելքով» տղան դիրքերում չի կանգնում...


«Խելքով» տղան դիրքերում չի կանգնում...

  • 29-09-2014 17:21:26   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

«Խելքով տղան դիրքերում չի կանգնում»։ Պատահական երեկ փողոցում լսեցի այս բարբաջանքը և միտքս այնքան արագությամբ մթագնեց,   որ այդ պահին չկարողացա արագ շրջվել և տեսնել այն երիտասարդին,  որն  արտաբերեց այդ բառերն՝ հեգնանքով և առանց ամոթի։ Մի պահ կանգնեցի, կորցրեցի հավասարակշռությունս և այդ ամենը մի պարզ պատճառով՝ ԱՅԴ ՊԱՀԻՆ ՈՐԴԻՍ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԷՐ  և հաստատ այդ լպրծունը,  որը  դիքերում  ծառայությունն անցկացնող՝  անքուն, վտանգն  աչքի տակ առած  թշնամու դիմաց կանգնած  տղաներին անխելք է  համարում,   նրա եղունգը չէր  արժենա։  Ո՞վ է մեղավոր,  ո՞ւմ ենք պարտական  նման երիտասարդների պահվածքի համար։  Ո՞վ է նրա մեջ սերմանել արհամարհանք  իր հասակակիցների  հանդեպ.  մայրը,  որը նրան մեծացրել է, թե՞  հայրը,  որը հովանավորում է նրա շինծու ու անամոթ արարքները,  թե՞  բանակը,  որը չի կարողանում նրանց բոլորին տալ այն ջերմությունը և այն հոգատարությունը,  որոնց կարիքը  նրանք ունեն։  Ցավալի է,  բայց այս միջադեպը փաստում է այն պարզ ճշմարտությունը,  որ  մեր տղաներից ոմանք բանակ են գնում արդեն արժեզրկված համակարգով։  Հարց՝  նրանք են գերակշռում թե՞ այն «անխելքները»,  որոնք  պաշտպանում են հայրենիքի սահմանները,  իրենց ծնողներին ու հարազատ օջախը։ 
Ողջ  գիշեր մտքերս հանգիստ չէին տալիս։  Զգացի վտանգ՝  ու թերևս որդուս անպաշտպան լինելը։  Վտանգ ոչ թե ակնհայտ թշնամուց,  որից  համոզված եմ նա ի զորու է չվարանել,   այլ նմանատիպ  չձևավորված ամեոբաներից,   որոնք ի վիճակի են  հունից հանել հավասարակշված  տղաներին՝  իրենց  տկարստորաքարշ ներկայությամբ  և  ապակայունացնել մթնոլորտը։  Որդիս  Հայաստանի սահմաններն է պաշտպանում,  երբ հարցնում եմ բալես ոնց ե՜ս ։ Նրա պատասխանն է. «Մամ ջան, ինչ է մեր ծառայությունը,  զինվորները Ղարաբաղում  կռվող տղաներն են։ Նրանք մեր համեմատ՝ իսկապես  հերոսներ են»։ 
Այո՜,   մեր զինվորները մեր բոլորիս  զավակներն են ու  մեր տան ճրագները։  Հիշե՜ք,  թե որքան դժվար ենք նրանց մեածացրել.պատերազմ. մութ, ցուրտ, զրկանքներով մանկություն…  Եկե՜ք  համայն հայությամբ  աղոթենք մեր բոլոր զինվորների համար  և ամեն օր խաղաղություն աղերսելով վստահ լինենք,  որ նրանք ողջ և առողջ տուն են վերադառնալու։ 
Դիմում եմ  բոլոր այն մայրերին,  ովքեր  հնարավորություն  ունեն իրենց զավակներին ետ պահելու բանակից  կամ ապահովել արտոնյալ ծառայություն՝  մի՜  կործանեք  ձեր որդիներին և նրանց միջոցով մի թունավորեք իմ նման այո՜  կարող եմ վստահ ասել հպարտ մայրերի որդիների կյանքը։  Նրանց պահեք ձեր կողքին,  որ պահեն ձեր կեղծ ու շինծու  համբավը,  իսկ  որդուս նման տղաները կպաշտպանեն  հայրենիքը՝ և կապահովեն  ձեր ընտանիքների անվտանգությունը։ 
Սիրելի իմ զինվորներ,  ինչպես որդուսայնպես էլ յուրաքանչյուրիդ աղերսում եմ եղեք միմյանց հանդեպ հարգալից,  սիրեք իրար  և թույլ մի տվեք որ մայրական հոգուն թախիծ,  իսկ աչքերին արցունք իջնի։  Թո՜ղ բոլորիդ  օջախներում զինվոր –որդու վերադարձը  երգ ու պարով  և  մայրական ջերմությամբ պատրաստված խնջույքի սեղաներով նշվի։  Աստված բոլորիդ պահապան… Բոլորդ էլ իմն եք….
 
Զինվորի մայր
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play