Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի փոխնախագահին


Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի փոխնախագահին

  • 06-02-2015 12:47:35   | Արգենտինա  |  Քաղաքական

Փետրվարի 3-ին Արգենտինայում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսան Հարությունյանը Արգենտինյան Հանրապետության նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ամադո Բուդուին:


Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդեց Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բուդուի և դեսպան Հարությունյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով և ողջունելով դեսպանին` փոխնախագահ Բուդուն հույս հայտնեց, որ վերջինս լավագույնս կնպաստի հայ-արգենտինական` երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Արգենտինայի փոխնախագահը բարձր գնահատեց 2014թ. հուլիսի 7-8-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Արգենտինա կատարած պաշտոնական այցը և կարևորեց այցի ընթացքում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածություններն ու գրանցված արդյունքները: Ամադո Բուդուն անդրադարձավ նաև արգենտինահայ համայնքին՝ կարևորելով վերջինիս ազդեցիկ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Արգենտինայի փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր նպաստը բերել հայ-արգենտինական հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը:

Դեսպան Հարությունյանն իր հերթին նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու բարեկամ պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո դեսպանն այցելեց Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ ծաղկեպսակ զետեղեց գեներալ Սան Մարտինի հուշարձանին: 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական