«Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը կմեկնարկի Վ.Բադալյանի «Զգացողությունների թանգարան» հայկական ներկայացումով (տեսանյութեր)


«Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը կմեկնարկի Վ.Բադալյանի «Զգացողությունների թանգարան» հայկական ներկայացումով (տեսանյութեր)

  • 24-09-2015 14:10:47   | Հայաստան  |  Մշակույթ



«Զգացողությունների թանգարան» խորագրով Երեւանում հոկտեմբերի 1-8 կմեկնարկի «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը: Այս տարի  թատերական փառատոնին  կհյուրընկալվեն 26 երկրների 250 մասնակիցներ և հյուրեր: «Այս տարվա ծրագիրը ոչ թե մեծ է, հզոր, այլ շլացուցիչ է և վեհ: Յոթ օրվա ընթացքում  75 ներկայացումներ են ցուցադրվելու, օգտագործվելու է 12 բեմահարթակ»,- «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա տեղեկացրեց, որ փառատոնը մեկնարկելու է «Զգացողությունների թանգարան» հայկական ներկայացումով, որի հեղինակը Վահան Բադալյանն է, որը բեմադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:Ա. Ղուկասյանի խոսքերով այս ներկայացման մեջ միաձուլվում է տեսական և կատարողական արվեստը, ներկայացվում են 9 զգացմունքները:
 
Փառատոնի նախագահը տեղակացրեց, որ փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում»-ը (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ»-ը (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ»-ը (ԱՄՆ). «Հանդիսատեսը կդիտի բազմաժանր ներկայացումներ, կստանա մեծագույն բավականություն: «Հայ Ֆեստ»-ի նվաճումներից մեկն այն է, որ մենք ունենք տարեցտարի զարգացող հայկական ծրագիր: Հայկական ներկայացումների որակը բարձրանում է: Եթե նախորդ տարիներին ունեինք 1-2, ապա այս տարի ունենք 4-5 եվրոպական կարգի հայկական ներկայացում: Մենք անում ենք փառատոն, որ զարգանա մշակույթը»,-շեշտեց Ա. Ղուկասյանը միեւնույն ժամանակ նշելով, որ երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Արմս Ֆեստ» ուսանողական ծրագրում այս տարի էլ «Հայ Ֆեստ»-ը ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները:
 
Տեղեկացնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանոնից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
 
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Ինչպես նաեւ փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: Հիմնական ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: 
 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ