Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Կան տուժածներ


Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Կան տուժածներ

  • 03-12-2015 12:50:11   | Կոտայքի մարզ  |  Ականատեսի աչքերով

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 FO 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ ավազահանքերի մոտ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց ուղեմաս և բախվել Daewoo Nexia մակնիշի 35 DO 641 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին Daewoo-ի միջից դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ կարողացան դուրս բերել վիրավորներին: Օպերատիվ է գործել Աբովյանի շտապ օգնության բրիգադը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ շտապ օգնության մեքենաներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը՝ ծառայողական ավտոմեքենայով: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ և ոստիկանության Կոտայքի բաժնի փորձագետ Արթուր Մելքոնյանը: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ի անվադողերն ամառային էին և, ըստ տեղեկությունների, վարորդը Երևանից մեկնում էր՝ ձմեռային նոր անվադողեր ձեռք բերելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով