Գրաֆինի ստացման հայ գյուտարարի մշակած նոր նանոտեխնոլոգիան էժան է, դյուրին և էկոլոգիապես մաքուր
25-04-2016 18:50:58 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայ գյուտարարը հաջողությամբ մշակել է առաջին հայտնաբերված երկչափ ատոմական նյութի` գրաֆինի ստացման ոչ ավանդական, էժան, էկոլոգիապես մաքուր, էներգախնայող նանոտեխնոլոգիան, որի համար Սան Ֆրանցիսկոյում 2015 թվականին նոյեմբերին անցկացված CleanTech Open մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «CleanTech Օսկար» մրցանակի: Այդ գյուտարարը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «ՆանոՀայ» թիմի ղեկավար, «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Գագիկ Շմավոնյանն է:
Վերջինս «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր առաջարկած նանոտեխնոլոգիան սկզբունքային նոր, նմանակը չունեցող գրաֆինի և այլ երկչափ նյութերի ստացման ունիվեսալ տեխնոլոգիա է, որը գերազանցում է ներկայիս գրաֆինի ստացման նմանատիպ տեխնոլոգիաներին և ունի մի շարք առավելություններ, մասնավորապես, գրաֆինի ստացման գործընթացն էժան է, կառավարելի, կարճատև, էկոլոգիապես մաքուր, դյուրին` նույնիսկ կարելի է ստանալ մեխանիկական եղանակով (ձեռքով), էներգախնայող է, իսկ ստացված գրաֆինի նանոփոշու և նանոշերտերի որակը չի զիջում այլ նանոտեխնոլոգիաներով սինթեզվողներին:
Ըստ նրա` գրաֆինի պահանջարկն այսօր աշխարհում օրեցօր աճում է, ավելին` զարգացած որոշ երկրներում` ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա և այլն, կառուցվում են գրաֆինի արտադրման գործարաններ, հետևաբար արդիական է դառնում պարզ, էժանագին և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիայով որակյալ և մեծ չափերի գրաֆինի նանոկառուցվածքների, նանոշերտերի և նանոփոշու զանգվածային արտադրության կազմակերպումը և անխուսափելի է դառնում գրաֆինային ճկուն էլեկտրոնիկայի զարգացումը:
«Գրաֆինը յուրահատուկ ատոմական հաստությամբ նոր նանոնյութ է, որի հայտնաբերման համար 2010 թվականին Անդրեյ Գեյմը և Կոնստանտին Նովոսյոլովն արժանացան Նոբելյան մրցանակի: Այն առաջին հայտնաբերված երկչափ ատոմական նյութն է, որն ամենաբարակ, ամենաամուր և միևնույն ժամանակ ճկուն, ամենաէլեկտրահաղորդիչ ու ամենաջերմահաղորդիչ նյութն է, որը մոտ ապագայում կհեղափոխի բոլոր բնագավառները` փոխարինելով սիլիցիումին և կկիրառվի գրեթե բոլոր էլեկտրոնային սարքերում ու ապրանաքատեսակներում»,- ընդգծեց Գ. Շմավոնյանը` հավելելով, որ հենց այս պատճառով 21-րդ դարը գիտնականներն անվանում են գրաֆինի կամ գրաֆինային էլեկտրոնիկայի դար:
Բարձր տեխնոլոգիաներին վերաբերող 170 գիտական աշխատանքների ու 20 գյուտերի հեղինակի և համահեղինակի խոսքերով` իրենց թիմի` «ՆանոՀայ»-ի (թիմի անդամ Գայանե Շմավոնյան) մշակած գրաֆինի նանոկառուցվածքներների, նանոշերտերի և նանոփոշու կիրառման թիրախային ոլորտներն են էլեկտրոնային, տրանսպորտային արդյունաբերությունը, բժշկությունը, թեթև արդյունաբերությունը և գրաֆինով հարստացված կենցաղային ապրանքների արտադրությունը:
«Գրաֆինի նանոփոշին և նանոշերտերը կարող են կիրառվել նաև տարբեր ապրանքատեսակների արտադրությունում, օրինակ` ավտոմեքնենաների, ինքնաթիռների ներկերում, կահույքի և կենցաղային ապրանքների լաքերում, հագուստում և այլ նյութերում` ապահովելով մեխանիկական մեծ ամրություն, երկարակեցություն, էլեկտրա և ջերմահաղորդականություն»,- ասաց Գ. Շմավոնյանը:
Վերջինիս արտերկրի գիտնականների հետ մշակած նոր նանոտեխնոլոգիաները հնարավորություն են տվել պատրաստել նոր սերնդի կիսահաղորդչային նանոսարքեր` միա- և երկհաճախականային կիսահաղորդչային լազերներ, լայնաշերտ օպտիկական ուժեղարարներ, արդյունավետ արևային և հետերոանցումային ջերմաֆոտովոլտային տարրեր, խելացի նանոդեղորայքի գրադարան, գնդիկավոր մեխանիկական նանոմատիտ, նանոնյութեր` գրաֆին և այլ երկչափ նյութեր, ինչպես նաև հայտնաբերել թեժ ալիքատարում լազերային ճառագայթված լույսի ուղղորդման, օպտիկական փոխանջատման և առանձնացված սահմանափակման հետերոկառուցվածքային շերտի նանոերևույթներ:
Գ. Շմավոնյանի փոխանցմամբ` ներկայումս աշխարհում գոյություն ունեն գրաֆինի ստացման տարբեր տեխնոլոգիաներ, որոնցում կիրառվում են նանոտեխնոլոգիական բավականին բարդ ու թանկարժեք սարքավորումներ, թունավոր քիմիական նյութեր և բարձր ջերմաստիճաններ, մինչդեռ իրենց առաջարկած տեխնոլոգիան շատ ավելի պարզ ու մատեչելի է և դրանով հետաքրքրված են հայտնի խոշոր միջազգային այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կորեայի Samsung Electronics-ը, Իսպանիայի Nanogap-ը, Պորտուգալիայի International Iberian Nanotechnology Laboratory-ն:
Հայ գյուտարարը հույս ունի, որ ներդրողների հետ ներկայումս շարունակվող բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և մոտ ապագայում հնարավոր կլինի ակնկալել դրական արդյունքներ առաջարկված նանոտեխնոլոգիայով մշակված գրաֆինի և այլ երկչափ ատոմական նյութերի նանոարտադրանքները միջազգային շուկա ներմուծելու հարցում: