Իշխանության համար ձեռնտու չէ այս իրավիճակի շարունակությունը. Քաղաքագետ


Իշխանության համար ձեռնտու չէ այս իրավիճակի շարունակությունը. Քաղաքագետ

  • 21-07-2016 18:32:43   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

 

Միքայել, Հայաստանում այս օրերին տեղի ունեցողն ի՞նչ է: Սա հնարավոր է երկարատև գործընթացի սկի՞զբ է:

 

Տեղի ունեցողը զինված ապստամբություն է, այդպիսիք շատ են եղել պատմության ընթացքում: Որպես պատմաբան՝ կարող եմ ասել, որ բազմաթիվ նման դեպքեր են եղել նաև հայոց պատմության ընթացքում, սակայն դրանք բոլորը մինչ այժմ եղել են ուղղված օտար իշխանությունների դեմ, իսկ սա առաջին դեպքն է հայոց պատմության մեջ, երբ զինված ապստամբություն է բարձրացվում հենց Հայաստանի իշխանությունների դեմ: Սա իհարկե բավականին տխուր հանգամանք է, բայց, ի վերջո, ունենք այն, ինչ ունենք:

 

Ինչ վերաբերում է, թե սա երկարատև գործընթացի սկիզբ է, թե ոչ, ապա այժմ դժվար է ասել: Առայժմ, կարծես իշխանությունը չի կարողանում ադեկվատ կերպով արձագանքել այս իրադարձություններին, և եթե այս գործելաոճը չփոխվի, ապա չի կարելի բացառել, որ իրադրությունը կզարգանա շատ արագ և կունենա անկանխատեսելի հետևանքներ:

 

Բանակցությունները ՊՊԾ գունդը գրավածների հետ շարունակվում են, բայց որևէ քայլ իշխանության կողմից, որևէ հայտարարություն չկա: Ինչո՞ւ ըստ Ձեզ:

 

Իշխանությունը հայտնվել է ծանր երկընտրանքի առջև: Սասնա Ծռեր խմբավորման անդամները լավ զինված են, նրանցից ոմանք ունեն հարուստ մարտական փորձ, և եթե իշխանությունը փորձի ուժային տարբերակով լուծել հարցը, կլինեն բազմաթիվ զոհեր բոլոր կողմերից: Բացի այդ խմբավորման անդամների մեջ կան մարդիկ, որոնք որոշակի հեղինակություն են վայելում հասարակությունում, և, ինչը, թերևս ավելի վտանգավոր է իշխանության համար: Այս ամենը հաշվի առնելով, իշխանությունն առայժմ ձեռնպահ է մնում ուժային տարբերակից: Սակայն, մյուս կողմից, իշխանության համար նաև ձեռնտու չէ այս իրավիճակի շարունակությունը: Ավտորիտար համակարգում իշխանությունը չի կարող թույլ թվալ, քանի որ ավտորիտար համակարգերը պահվում են ուժով: Հենց որ պարզ է դառնում, որ համակարգը թույլ է, այն փշրվում է: Դրա առաջին նշանները մենք տեսանք Սարի Թաղում: Իսկ հայտարարություններ չկան, կարծում եմ, հենց այն պատճառով, որ իշխանությունն առայժմ չի կարողանում որոշել, թե ինչպես պետք է հանգուցալուծել այս իրավիճակը: Բացի այդ, այնտեղ գիտեն, որ ոչ պետության առաջին դեմքերը, ոչ էլ ՀՀԿ մյուս անդամները մեծ ժողովրդականություն չեն վայելում, և հավանաբար, քաղտեխնոլոգները նրանց խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ հանրային հայտարարություններից:

 

ԱՄՆ-ն և ՌԴ-ն արձագանքել են տեղի ունեցող պրոցեսներին տարբեր կերպ: Որ տարբերակը կընտրվի՞ լուծման համար:

 

Չեմ կարծում, որ ԱՄՆ և ՌԴ հայտարարություններում պետք է փնտրել իրադարձությունների հանգուցալուծման առաջարկներ: Պարզապես, յուրաքանչյուր երկրի պաշտոնյաներն արձագանքել են իրենց բնորոշ ոճով: Ընդհակառակը, այդ հայտատրարություններից ես համենայն դեպս ստացա այն տպավորությունը, որ նրանք առայժմ առանձնապես ցանկություն չունեն խառնվելու կատարվող դեպքերին, պարզապես արձագանքել են, քանի որ չէին կարող չարձագանքել: Բացառված չէ, որ պատճառն այն է, որ Հայաստանից դուրս չեն գիտակցում, թե որքանով վտանգավոր ուղով կարող են զարգանալ իրադարձությունները: Վերջին օրերին տեղի են ունեցել բազմաթիվ դրամատիկ իրադարձություններ, և երևանյան դեպքերը հայտնվել են դրանց ստվերում, թե միջազգային մամուլի լուսաբանման, թե պաշտոնյաների արձագանքների առումով։ Իհարկե, եթե իրադարձությունները դուրս գան վերահսկողությունից, կարծում եմ, իրավիճակն այդ առումով կփոխվի:

 

Հատկանշական է, որ այս օրերին հաղորդագրություն տարածեց ՊՆ-ն, որ Հայաստանը և Ռուսաստանը զորքերի միացյալ խմբավորման մասին պայմանագիր կստորագրեն։ Ինչո՞ւ հիմա և ի՞նչ վտանգներ եք տեսնում:

 

Այդ պայմանագրի հետ կապված բազմաթիվ հարցեր, կան, որոնց մեր իշխանությունը չի պատասխանել: Արդյոք սա վաղո՞ւց էր նախատեսված, թե սա նոր զարգացում է: Արդյոք սա ռուսական նախաձեռնություն է, թե նախաձեռնությունը մեզնից է գալիս: Ի վերջո, ինչի համար է պետք այդ պայմանագիրը, եթե մենք արդեն քսան տարուց ավել ռազմական դաշինքի մեջ ենք ՌԴ հետ և մինչ այժմ նման պայմանագրի անհրաժեշտություն չի եղել: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա դա կախված է նրանից, թե որքանով է այդ պայմանագրով սահմանափայվելու ՀՀ զինված ուժերի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, իսկ իշխանությունը սրա վերաբերյալ ևս պարզաբանումներ չի տալիս: Պարզ չէ, օրինակ, թե ինչպես այդ ամենը կանդրադառնա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում, մեր ուժերի կողմից իրականացվող գործողությունների վրա, կամ, օրինակ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունը պետք է ներկայացնի հանրությանը:

 

Միքայել, ի՞նչը ի վերջո հանգեցրեց այս վիճակին։

 

Խնդիրն այն է, որ իշխանությանը հաջողվել էր գրեթե չեզոքացնել ընդդիմությունը Հայաստանում՝ զրկելով նրան քաղաքական, տնտեսական և մեդիա ռեսուրսներից: Սահմանադրական հանրաքվեով և ընտրական նոր օրենսգրքի ընդունումով Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները զրկվեցին իշխանության գալու նույնիսկ տեսական հնարավորությունից: Սակայն, դրանով հանդերձ, երկրի առջև կանգնած խնդիրները՝ կոռուպցիան, մոնոպոլիաները, արտագաղթը և այլն, ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խորանում: Ապրիլից հետո դրան գումարվեց այն, որ հանրությունն այլևս չի վստահում իշխանությանը նաև Ղարաբաղի հարցում: Շատերի մոտ ձևավորվեց ընկալում, որ առկա իրավիճակը տանում է կամ դեպի Ղարաբաղի հարցում լուրջ զիջումների, կամ նոր պատերազմի, ընդ որում՝ դրա ելքն անկանխատեսելի է, քանի որ Հայաստանը և Ղարաբաղը թուլացված են կոռուպցիայի և վատ կառավարման արդյունքում: Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ