Իշխանությունները փորձում են իրենց համար մշակել շահեկան սցենարներ.Մանե Թանդիլյան


Իշխանությունները փորձում են իրենց համար մշակել շահեկան սցենարներ.Մանե Թանդիլյան

  • 22-07-2016 17:54:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանի հետ Լրագիրը զրուցել է Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ

 

Մանե, Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառները որո՞նքեն։

 

Այս իրավիճակի գլխավոր պատճառը իշխանությունների երկար տարիների ձախողված և ապիկար քաղաքականությունն է՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում: Երբ տարիներ շարունակ չեն կայանում ժողովրդավարական ինստիտուտները, որոնց միջոցով տեղի կունենար բնական իշխանափոխություն, երբ մասսայաբար խախտվում են մարդու իրավունքները, երբ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ և սոցիալ-տնտեսական աղետալի վիճակ, կուտակված էներգիան մի օր պայթում է՝ հանգեցնելով այս վիճակին:

 

Ի՞նչ եք կարծումհնարավոր է՝ իշխանությունն այդպես էլ լուծումչգտնի, և իրավիճակը այսպես մնա երկարատև։

 

Ինչպիսի լուծում էլ գտնի իշխանությունը, արդյունքում այդ լուծումը պետք է վերաբերի նախ և առաջ պատճառներին, ոչ թե հետևանքներին: Որովհետև եթե այս ամենից հետո իշխանությունների քաղաքականությունը չփոխվի, գտնվելու են նոր մարդիկ ու նոր խմբեր, ովքեր երկրում փոփոխությունների այլ տարբերակ չեն գտնելու, քան զենքի միջոցով այն կատարելը: Այս պահին ակնհայտ է, որ իշխանությունները չունեն լուծում, դա է նաև նրանց տարօրինակ լռության պատճառը:

 

Կարծում եմ՝ այս ընթացքում իշխանությունները փորձում են իրենց համար մշակել շահեկան սցենարներ: Մի բան ակնհայտ է, որ իշխանություններն ամբողջովին չեն կարողանում իրավիճակը վերահսկել, ինչը տարօրինակ է այսպիսի իշխանության համար, որը մշտապես ձգտել է իր տոտալ վերահսկողությունը հաստատել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Եվ չնայած երեկ ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ իրենք խաղաղության կողմնակից են ու կողմ են, որ սերը հաղթի, բայց դա առնվազն ծիծաղելի է՝ հաշվի առնելով, թե այս օրերին ինչպիսի աննախադեպ բռնություններ իրականացրեց ոստիկանությունը խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Դա ոչ մի կապ չուներ սիրո հետ:

 

Ինչո՞ւ խումբը հասարակության լայն աջակցությունը չի ստանում։

 

Կարծում եմ՝մեր հասարակությունը վերջին տարիներին դարձել է շատ զգուշավոր և թերահավատ: Ընդվզումների նախորդ փորձերը և դրանց հետևանքները շատերի մոտ ստեղծել է անկարողության զգացում: Երբ մարդը դեմ է առնում ոստիկանական բիրտ ուժին, որքան էլ մեծ լինի զայրույթը, շատ հաճախ պարզապես նա հետ է կանգնում: Մյուս կողմից, սխալ կլիներ ասել, որ խումբը մարդկանց աջակցությունը չի ստանում, քանի որ շատերը իրենց սոլիդարությունն են հայտնում խմբին, բազմաթիվ մարդիկ գալիս են Խորենացի փողոց՝ հանուն խաղաղության և փոփոխությունների: Այս պարագայում ամենագլխավորը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է, և Լուսավոր Հայաստանը Խորենացի փողոցում իր ամենօրյա ներկայությամբ հենց դրա ջատագովն է: Նախ և առաջ հարկավոր է այս իրավիճակը հաղթահարել խաղաղ ճանապարհով, իսկ հետո անմիջապես կատարել շեշտակի փոփոխություններ Հայաստանում. սա պետք է լինի իշխանությունների գլխավոր օրակարգն այսօր:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play