Իրադրությունը ոչ թե մատ է, այլ շախ. Լևոն Բարսեղյան


Իրադրությունը ոչ թե մատ է, այլ շախ. Լևոն Բարսեղյան

  • 22-07-2016 18:08:06   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակին է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

 

Պարոն Բարսեղյան, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին իշխանությունների կեցվածքը:

 

Իշխանություններն Աստծուն են ապավինում: Այն մարդը, ով հինգ տարի առաջ ասում էր՝ ՀՀԿ-ն Հայաստանին արև բերող կուսակցություն է, երեկ ասում էր, որ մենք ապավինում ենք Աստծուն: Շարմազանովի խոսքերն են դրանք:

 

Ինչպե՞ս եք տեսնում այս դեպքերի հանգուցալուծումը:

 

Ես կարծում եմ, որ իրադրությունը ոչ թե մատ է, այլ շախ է: Ես կարծում եմ, որ «Սասնա ծռերը» որակյալ շախ են տվել Սերժ Սարգսյանին: Այս մարդիկ կոնկրետ ՀՀ տարածք են ազատագրել, ես դա այդպես եմ ընկալում: Նույնիսկ ասում եմ, որ Հայաստանի ՊՊԾ հանրապետություն են ստեղծել և ազատ նստած են այդ տարածքում: Ճիշտ է, տարածքը մի քիչ փոքր է, բայց այդ հանրապետության բնակչությունն էլ է փոքր: Իրենք իրենցն արել են: Հիմա այդ տարածքը մեծանալը մի կողմից հանրության ճնշման վրա է դրված, մյուս կողմից իշխանության մտածողության: Ես հույս չունեմ, որ Սերժ Սարգսյանը ադեկվատ է ընկալում իրադրությունը և պատրաստ է գնալ որակյալ բանակցությունների: Երևի հույսները դրել են ժամանակի ընթացքում այս մարդկանց կամքը մաշելու վրա, բայց չարաչար սխալվում են: Երբ այստեղ եղբայրը եղբոր հետևից է գալիս, հայր ու որդի են գալիս, սովորական ֆիզիկայի կանոններն սկսում են չգործել: Լրիվ ուրիշ մաթեմատիկա է գործում, որն անծանոթ է Սերժ Սարգսյանին: Ինչ ասես տեսել էր իր կյանքում, բայց որ հայր ու որդի իրար թիկունք եղած զենք են վերցնում ազատության ու արդարության համար, նման բան չէր տեսել: Իրենց կոմունիստական մտածողության մեջ սա կարող է լինել միայն ահաբեկչություն, ինչը խորը մոլորություն է: Եթե այդպիսին լիներ, ժողովուրդն այստեղ չէր հավաքվի, ամեն մեկը մի անկյուն կմտնեին: Իսկ այստեղ հանրությունը գալիս է՝ ամեն մեկը սատարելու այս մարդկանց: Կամ ամբողջ հանրությունն է ահաբեկիչ, սրբերը Բաղրամյան 26-ում են նստած, կամ հակառակը՝ Բաղրամյան 26-ն է ահաբեկիչ: Հիմա իշխանությունը հրաժարվեց այդ ահաբեկիչ բառից: Շատ բարդ է իսկապես:

 

Իրավիճա՞կն է բարդ, ի՞նչ պետք է անել:

 

Բացի այն, որ իշխանությունը պիտի զիջի, ուրիշ ելք չեմ տեսնում ես: Այս մարդիկ ցմահ կմնան այստեղ: Կամ ապրելու են այստեղ որոշ ժամանակ, իհարկե, որոշ զրկանքներով, կամ էլ, եթե իշխանությունը որոշի, որ իր պատանդների համար այդքան մտահոգ չէ և փորձի ուժային գրոհ անել, այս մարդիկ սկսնակներ չեն: Սա բավական մտածված գործողություն է, իրենք բռանազավթել են ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք, իրականում արգելափակել են ոստիկանական մի շարք տեխնիկական միջոցների օգտագործումը: Սա պատահական կամ միամիտ հաշվարկ չէ: Պատանդների հանգամանքն է շատ կարևոր, պատանդները նրա համար չեն, որ իրենց պահանջները կատարվեն, եթե ոչ, ապա պատանդներին վնաս կտան: Իրենք հայտարարել են, որ պատանդներն իրենց կյանքի անվտանգության համար են ընդամենը: Չեն փախչում, չեն պատրաստվում նահանջել, ապաստան խնդրել ինչ-որ մի տեղ: Ակնհայտ է, որ սա մաքուր քաղաքական խնդիր է, որի լուծման համար այս մարդիկ, ինչքան ես եմ հասկասնում, բոլոր խաղաղ միջոցներով անցել են՝ հայտարարություններ, բողոքի ցույցեր, դիմումներ, հրապարակային ցույցեր, որևէ արդյունք չի եղել: Ինչքան հասկանում եմ, Արցախյան հողեր հանձնել-չհանձնելու այս մի քանի շաբաթվա ինտենսիվ արծարծումները և դրանց դեմ իշխանական մեդիայի արձագանքների դեֆիցիտը, հակառակ կարծիքի բացակայությունը վկայում էր այն, որ հողեր հանձնելու ինտենսիվ բանակցություններ են ընթանում:

 

Ու դա եղավ վերջին կաթի՞լը՝ նման ապստամբություն սկսելու:

 

Այո, դրանից մեկ օր առաջ փաստորեն Սերժ Սարգսյանը գնացել էր Արցախ ու ինտենսիվ բանակցում էր հիմնախնդրի չակերտավոր լուծման շուրջ:

 

Իսկ սա կարո՞ղ է այդ քաղաքականության զսպող գործոն հանդիսանալ:

 

Առայժմ զսպում է, ռուսական մեդիայից որոշ բաներ, որ կարդում ենք, այնտեղ հիստերիա է, որ՝ վայ, տեսեք, թե ինչպես փչացրեցին Արցախյան խնդրի կարգավորումը: Իրենց համար դա կարգավորում է, մեզ համար՝ պարտություն: Սերժ Սարգսյանը եկավ, հաջորդ օրը նորից գնաց Արցախ՝ շարունակելու այդ բանակցությունները արցախցիների հետ: Նրանք էլ ասում են, չէ, չենք զիջում: Հող հանձնելու խոսակցությունները վաղուց են եղել, հիմա հերթական ցիրկն է: Այս մարդն իր իշխանությունը պահելու համար Կրեմլից դատապարտված է այդ լուծը քաշել, ճնշման տակ է:

 

Հավանական համարո՞ւմ եք, որ իշխանությունները կարող են այս փուլում էական ինչ-որ փոփոխությունների գնալ՝ թոթափելու այս լարվածությունը:

 

Կառավարության փոփոխություն, նախարարների փոխոխություն, խոստումներ կարող են լինել, փորձեն դրանով ժողովրդին խաբել: Բայց դրանք պահանջների կատարում չեն: Ես հիշեցնեմ՝ երկու շատ հասարակ պահանջներ են՝ մտքի, գաղափարի, այլակարծության, քաղաքական հայացքների համար Հայաստանում դատված մարդիկ չպետք է լինեն: Պարզ ասած՝ քաղբանտարկյալներ չպետք է ունենանք: Սա մի նրբություն ունի՝ իշխանությունն այս մարդկանց քաղաքական բանտարկյալ չի համարում, ինչպես նախկինում չի համարել: Եվ աշխարհի որևէ երկրում իշխանությունը չի ընդունում, որ ինքը քաղաքական բանտարկյալ ունի, հասարակությունն է որոշում՝ այս մարդը քաղբանտարկյալ է, թե ոչ: Հիմա, նախ իշխանությունը կարիք ունի այդ մարդկանց ճանաչել որպես քաղբանտարկյալ: Եվ եթե ճանաչում է, պետք է ազատ արձակի նրանց:

 

Երկրորդ պահանջն այն է, որ իշխանությունը պետք է լինի օրինական, ժողովրդից ձևավորված: Այսինքն՝ իշխանություն, մենք ապացույցներ ունենք, որ դու անօրեն ես, զավթել ես իշխանությունը, և հիմա դրա հետևանքով մենք հասել ենք օրհասական վիճակի: Եթե ասում են՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, դա չի նշանակում, որ նա պետք ստորագրի ու գնա տուն, դա երկար պրոցես է: Պետք է լինի կոնկրետ իշխանափոխության իրական ու երաշխավորված ծրագիր: Օրինակ՝ ՀՀԿ-ն չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, որպեսզի չօգտվի վարչական ռեսուրսներից: Կան նաև այլ տարբերակներ, դա քննարկելու թեմա է: Ենթադրում եմ, որ եթե բանը դրան հասնի, բանակցությունները չպետք է լինեն «Սասնա ծռեր»-Սերժ Սարգսյան ձևաչափով: Դրան պետք է հանրությունն էլ ներգրավվի, որպեսզի իսկապես տեղի ունենա այդ իշխանափոխություն կոչվածը:

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ